Գլխավոր / Մտքի քարտեզ / Ազատագրված հայկական տարածքները մեծ խաղի խաղաքարտ

Ազատագրված հայկական տարածքները մեծ խաղի խաղաքարտ

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի խորը երևակվեց Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը, բնականաբար, իր շահերն է հետապնդում տարածաշրջանում:  Խնդրո  հարցի շուրջ ,,Արցախթայմսը,, զրուցել է ՖԲ օգտատեր, տնտեսագետ Արա Աբրահամյանի հետ:

Մեր տարածաշրջանը կարծես, թե նոր քաղաքական խաղի մեջ է մտնում, որտեղ նշմարվում է նաև Իսրայելի դերը, ի՞նչ հեռանկարներ է հետպնդում Իսրայելը տարածաշրջանում:

Տարածաշրջանային խաղը սկսվել է վաղուց, առնվազն Իսրայել պետության ստեղծումից հետո, ուղղակի այդ խաղը զարգանում է տարբեր տեմպերով: Իսրայելն իր գոյության հիմնական սպառնալիքը տեսնում է Իրանի մեջ, պարսիկներն էլ ակտիվ աջակցություն են ցուցաբերում պաղեստինցիներին: ԱՄՆ ում հրեական լոբբիի հզորացմանը զուգահեռ, ամերիկյան աջակցությունն Իսրաելին, էլ ավելի է մեծացել, հատկապես վերջին 20-30 տարիների ընթացքում: Տարածաշրջանային խաղը ակտիվ փուլ մտավ Իրաքյան պատերազմով, հետո եղավ Արաբական գարունը, հիմա այդ խաղի կիզակետը Սիրիան է: Եթե նայենք քարտեզին, պարզ երևում է, որ խաղի վերջնական թիրախը Իրանն է, ես դա անվանում եմ ”Արշավանք դեպի Պարսկաստան”: Իսրայելի ստեղծման իսկ օրից մեր տարածաշրջանում նրա հիմնական դաշնակիցը Թուրքիան էր: Սակայն, երբ Արաբական Գարունը հասավ Սիրիա, Իրանի ”ատոմային ծրագրի” շուրջ լարվածությունն ավելի մեծացավ, Թուրքիան ամեն կերպ փորձեց խուսափել Իրանի հետ առճակատումից: Թուրք-իսրաելական հարաբերությունները բավականին լարվեցին, Էրդողանը բացահայտ հակաիսրայելական դիրքորոշում ցուցաբերեց, Իսրայելը ավելի ակտիվորեն սկսեց աջակցել Քրդական Բանվորական Կուսակցությանը, Թուրքիայում հեղաշրջման և զանազան քաղաքական անհնազանդության փորձերի ականատես եղանք: Էրդողանի փորձը, Թուրքիան դարձնել իսլամական աշխարհի առաջնորդ, չստացվեց, իսկ Իսրայելը շատ լավ հարաբերություններ հաստատեց Պարսից ծոցի սյունի արաբական պետությունների հետ և ձևավորեց շատ ազդեցիկ դաշինք ընդդեմ Իրանի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռանալուց առաջ, արդեն սիրիական պատերազմի վերջին փուլում, փորձեց ինչ որ կերպ ”լվանալ ձեռքերը” : ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ԵՄ- ն Իրանի ”ատոմային ծրագրի” շուրջ համաձայնության եկան, Իրանի վրայից պատժամիջոցների մեծ մասը հանվեցին, ինչին դեմ էին Իսրայելն ու Սաուդյան Արաբիան իրենց դաշնակիցներով: Օբամայից հետո նախագահ դարձած Դոնալդ Թրամփն իր նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ հանդես եկավ կոշտ հակաիրանական հայտարարություններով, նաև այդ պատճառով ու մեծ ակնկալիքներով ԱՄՆ հրեական լոբբիի զգալի մասը, մեծ աջակցություն ցուցաբերեց Թրամփին: Սա մի թեթև էքսկուրս, որպեսզի ավելի լավ պատկերացնենք Իսրաելի դիրքն ու դերը Մեծ Արևելյան խաղում, թեման շատ ծավալուն է:

Խաղի ի՞նչ կանոններ են թելադրվելու և ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած Հայաստանն ու Արցախը:

Ինչքան իրադարձությունները մոտենում են Իրանին, այնքան ավելի է կարևորվում Արցախյան հարցը, պատճառը Իրանի սահմանամերձ ազատագրված հայկական տարածքներն են: Չկան Հայաստան ու Արցախ, դա 90 ականներից եկած դավադիր ֆորմատ է, որ ներդրվել է հայ քաղաքական ”բառապաշարի” մեջ: Կա ՄԵԿ Հայաստան, հստակ շահերով ու նպատակներով: Գաղտնիք չէ, որ Իսրայելը Ադրբեջանի հետ վերջինիս ստեղծման իսկ օրից, ունեցել է շատ լավ հարաբերություններ: Հրեական լոբբին Ադրբեջանին աջակցել է, թե ԱՄՆ ում, թե հատկապես Ռուսաստանում: Այդ աջակցությունն ավելի ուժեղացավ ՌԴ ում Մեդվեդևի նախագահության օրօք, այն արտահայտվեց զենքի մեծաքանակ վաճառքով: Եթե մի քիչ հետ գնանք, կարելի է նաև ենթադրել, որ Բաքու-Ջեյհան նավթատարի նկատմամբ ռուսների բավականին մեղմ վերաբերմունքը ևս ադրբեջնական լոբբինգի հետևանք էր: Այս ընթացքում, Հայաստանում ”քաղաքական երկխոսություններ” էին տեղի ուննում առաջին ու երրորդ նախագահների միջև, ցույցեր ու երթեր և բացարձակ անգործություն, ինչից էլ օգտվեցին մեր հակառակորդները: Ադրբեջանը վախենալով Իրանից, շատ զգույշ և գաղտնի էր իր հարաբերությունները կառուցում Իսրայելի հետ, սակայն վերջին տարիներին և հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ, երևաց ադրբեջանա-իսրաելական համագործակցության մեծ ծավալը: Օգտվելով Հայաստանի հետզետե թուլացումից և մեր քաղաքական վերնախավի սխալ գործելաոճից, Ադրբեջանը փորձում է հակահայկական դաշնակիցներ փնտրել բոլոր ուղղություններով: Վերջին շրջանում Ադրբեջանը բացահայտ մտել է հակաիրանական ալյանսի մեջ, որոշակի սահմանագիծ է անցել, որից հետ կանգնելը շատ բարդ է լինելու: Ադրբեջանը կարող է ազատագրված տարածքները առաջարկել, որպես Իրանի դեմ պլացդարմ, ակնկալելով ոչ միայն այդ տարածքների և Արցախի վերանվաճումը, նաև տարածքներ, այսպես կոչված, Հյուսիսային Իրանից, որտեղ ապրում են միլիոնավոր ադրբեջանցիներ, ովքեր կարող են հակապետական շարժում ձևավորել ընդեմ պարսկական պետության: Դա նաև տեղավորվում է Պանթուրքիզմի գաղափարի մեջ, Հյուսիսային Ադրբեջանը կարող է միացնել Թուրքիան Ադրբեջանի հետ: Հայաստանի համար սա մեծ մարտահրավեր է, այն կար վաղուց և հնարավոր է ավելի ուժգնանա: Այստեղ պետք է նկատենք, որ զուգահեռաբար բավականին թուլացել է Ռուսատանի դերը մեր տարածաշրջանում: Առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանն ընդհակառակը, ավելի է ամրապնդվել Սիրիական պատերազմին մասնակցելով, բայց դա խաբկանք է: Իրականում, եթե սթափ գնահատենք իրավիճակը, պարզ կերևա, որ Հարավային Կովկասից Ռուսաստանը համարյա դուրս է մղվել, նա կորցրել է Վրաստանը, Ադրբեջանը ԵՏՄ անդամ դարձնելու անլուրջ փորձերը ձախողվել են, ԵՏՄ- ն ինքնին դեռ չկայացած, արդեն փլուզման եզրին է: Հայ հասարակությունն էլ, նախկինի պես այլևս հույսեր և պատրանքներ չունի ռուսական աջակցության կապակցությամբ: Մեր տարածաշրջանի գլխավոր վտանգը, որի շուրջ կարող են հայ-ռուսական շահերը դառնալ անքակտելի, դա Թուրքիայի և Ադրբեջանի միացումն է, Պանթուրքիզմն է, ուրիշ շահ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն, ոչ տնտեսական, ոչ քաղաքական: Բայց Ռուսատանը մեծ երկիր է, շատ մեծ խնդիրներով, ինչպես նախորդ դարասկզբին նա չզգաց պանթուրքիզմի ռեալ վտանգն ու Հայաստանի մեծ նշանակությունն ու դերը տարածաշրջանում, այնպես էլ հիմա չի զգալու դա: Ամենա զավեշտալին այն է, որ արդեն 25 տարի, չնայած տարածաշրջանային զարգացումներին՝ Հայաստանի դերը շատ շահեկան է, Հայաստանը կարող էր մեծ օգուտներ քաղել տարածաշրջանային բոլոր խաղացողներից, բայց մենք միշտ տուժողի դերում ենք, որովհետև մնացել ենք 90 ականներին ձևավորված գավառական ռազմավարության մեջ, ”փուլ առ փուլ”, թե ”փաթեթային”, ”ճանաչում” կոչված անպտուղ ու պարտվողական ”տեսությունների” արանքում: Միակ լուծումը, Հայաստանի հզորացումն է, առողջ քաղաքական դաշտի ու համազգային դիսկուսի առկայությունը: Ապրիլյան պատերազմն այս բոլոր խնդիրները ջրի երես հանեց: Եթե 20 տարի առաջ հայությունը մտածում էր Արևմտյան Հայաստանը ետ բերելու մասին, մեր օրերում՝ առաջին նախագահ կոչվող գործիչը, առաջարկում է 7 շրջաններ վերադարձնել Ադրբեջանին, հանուն Հայաստանի ”ապագայի”, սա նման է վատ երազի, սա առողջ բանականության մեջ ուղղակի չի տեղավորվում: Ինչևէ, ես լավատես եմ, կարծում եմ մենք ազգովի կհաղթահարենք այս մեծ փորձությունը, այդ ներուժն ունենք, պատերազմը կհամախմբի մեզ:

ԱՄՆ նոր նախագահի քաղաքական ուղեգիծն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանում:

Այս թեմայով գուշակություններ անել չարժե: ԱՄՆ վերջին բոլոր նախագահներն էլ ամեն գնով ձեռնպահ են մնացել Իրանի հետ առճակատումից, դա Ամերիկային ոչ մի լավ բան չի տալու: Ամերիկան ընկղմվելով Միջին Արևելյան ճահճի մեջ, ավելի կորցրեց իր հեղինակությունը, այն այլևս ”ազատության” ու ”դեմոկրատիայի” առաջամարտիկի հեղինակությունը չունի և կանգնած է բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ: Բոլոր գերտերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, մարդկությունը զարգացման նոր փուլի առաջ է կանգնած, առկա է գաղափարական մեծ վակում, արժեքների հանդեպ հավատի կորուստ և խորացող տնտեսական ճգնաժամ: Այնպես որ, իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով, հնարավոր են շատ անկանխատեսելի իրադարձություններ, որոնց մենք պիտի պատրաստ լինենք:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.