Գլխավոր / Մտքի քարտեզ / Ազոխի քարանձավի միջազգային հաղթարշավը շարունակվում է…

Ազոխի քարանձավի միջազգային հաղթարշավը շարունակվում է…

15218225_10211120446827532_806815664_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Լույս է տեսել  ,,Ազոխի Քարանձավը և Կովկասյան միջակայքը,, գիրքը, որը հայ և միջազգային գիտական շրջանակներին է ներկայացնում Ազոխի քարանձավում մեկ տասնամյակից ավել կատարված աշխատանքների արդյունքներն ու նրա գիտական նշանակությունը:  ,,Արցախթայմսը,, զրույց է ծավալել Ազոխի քարանձավի հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանի հետ:

Նախ անդրադառնանք ,,Ազոխի Քարանձավը և Կովկասյան միջակայքը,,   գրքին, նրա դերին ու նշանակությանը:

Գիրքը լույս է տեսել այս տարվա սեպտեմբեր ամսին և մոտավորապես մեր 10-12 տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է:  Շատ կարևորում եմ այն փաստը, որ գիրքը լույս է տեսել արտասահմանում և բավական հեղինակավոր` Շպրինգեր հրատարակչության կողմից, որը քաջածանոթ է գիտնականներին: Հանգամանքը կարևոր է նրանով, որ այս գիրքը շատ կարճ ժամկետում տարածվելու է համարյա բոլոր առաջատար համալսարաններում: Այն բոլոր համալսարանները, որոնք զբաղվում են հնագիտությամբ, հնեաբանությամբ, պարտադիր կերպով գնում են նման բնույթի գրքեր: Այսինքն, դառնում է, որ այս գրքի մասին տեղեկությունները ինքսնստիքյան սկսում են տարածվել ամբողջ աշխարհով: Երկրորդ կարևոր հանգամանքը գրքի բովանդակությունն է, որը ներառում է զուտ գիտական նյութ և պարզ է, որ այն հասանելի է միայն գիտաշխատողներին:

Դրա հետ մեկտեղ, այդ գիտական նյութը ապագայում հիմք կդառնա տարբեր դասախոսությունների , հոդվածների համար, որը  տարածման երկրորդ ալիքն է: Տարածման երրորդ ալիքը, դա մեր աշխատանքն է: Մենք փորձում ենք  այս գիրքն ուղարկել մեր գործընկերներին, որոնք այս կամ այն ձևով աշխատում են հայկական համայնքներում: Կփորձենք նրանց միջոցով տեղեկությունները հասցնել հայ համայնքներին, որ կարողանան տարածել նաև ոչ պրոֆեսիոնալ շրջանակներում: Գրքի մասին տեղեկություններ շուտով կհայտնվեն նաև սփյուռքահայ թերթերում, իսկ գրախոսականը լույս կտեսնի Հայաստանի ակադեմիական հանդեսներից մեկում:

Գրքի ամենակարևոր նպատակն է, որ երևա, Արցախում, այսօր, ինչպես նաև 10-15 տարի առաջ, գիտական աշխատանքներ են ընթանում, որոնք իրենց մակարդակով չեն զիջում միջազգային չափորոշիչներին, և, որ Արցախն այսօր ներգրավված է միջազգային գիտական ոլորտում ու ապրում է նաև խաղաղ կյանքով: Կյանքը միակողմանի լինել չի կարող, ասենք, զուտ ռազմական, կամ տնտեսական, կյանքը պետք է ունենա իր հոգևոր, մշակութային,  գիտական կողմը: Անկախ ամեն ինչից,  ռազմական, քաղաքական խնդիրներին զուգընթաց,  մենք չպետք է մոռանալ նաև գիտական մասը:

Չնայած մենք ժամանակին գրքի ինչ որ մասեր հրապարակել ենք, որպես առանձին հոդվածներ, բայց այսպես ամփոփված ձևով,  գունավոր նկարներով, քարտեզներով՝  նորույթ է: Որոշ մասեր նաև ռուսերեն են թարգմանվել, որպեսզի ավելի շատ հետաքրքրվողներ ներգրավվեն այս գրքի ուսումնասիրմանը:

Գրքի հրապարակումից հետո, ակնկալում ե՞ք նոր արձագանքներ արտասահմանյան համալասարանների, գիտական շրջանակների կողմից, բնականաբար, նաև նոր ներդրումներ ոլորտում:

Գրքի լույս տեսնելու հանգամանքը, և այն, որ Արցախի իշխանությունները  շատ բարձր գնահատեցին գրքի էությունն ու մեր կատարած աշխատանքը, մտածում եմ, որ նոր խթան կհանդիսանա, մի նոր լծակ կդառնա, կենտրոնացնելու ուշադրությունը ոչ միայն Ազոխի, այլ նաև Արցախում ծավալվող գիտական աշխատանքների վրա: Արցախը հայտնի է իր գիտնականներով և մենք չպետք է հպարտանանք միայն արցախյան ծնունդ ունեցող գիտնականներով,  մենք պետք է առաջին հերթին հպարտանանք Արցախում ապրող գիտնականների աշխատանքներով: Մեր նպատակներից մեկն էլ հետևյալն է, որ Արցախում գնալով ավելի խորանա ու ամրապնդվի գիտական մթնոլորտը և դառնա դուրեկան ու գրավիչ մատաղ սերնդի համար, որի մոտ դեռ դանդաղկոտություն է նկատվում, բայց հուսով եմ, որ նման իրադարձությունները նրանց  մոտ հետաքրքրություն կառաջացնեն:

Ինչ վերաբերվում է դրսին, ասեմ, որ դա գլխավորապես մեր աշխատանքն է, պետք է շարունակենք մարդկանց տեղեկացնել ու գիտական շահագրռվածություն առաջացնել, ընդլայնել մեր աշխատանքները, քանի որ մի քարանձավով մենք չենք կարող սահմանափակվել, որը բովանադակալից պատկերացում չի կարող հաղորդել ուսումնասիրվող նյութի կամ գիտական խնդրի շուրջ:

Ազոխը շատ հարուստ քարանձավ է և նրա մշակութային շերտը մոտ 13 մետր խորություն ունի: Այն ներառում է 250 հազար տարվա մշակութային շերտ: Մեր տարածաշրջանում մի 2 – 3 հատ այդպիսի  հուշարձաններ կան: Ու հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք հատկացնել այն մանրակրկիտ ուսումնասիրելու համար, եթե  յուրաքանչյուր տարի մենք խորանում ենք ընդամենը 20 սանտիմետր: 13 մետր ուսումնասիրելու համար անհրաժեշտ է 65 տարի, ասել է թե, 3 սերունդ դեռ ուսումնասիրելու նյութ ունի: Գնալով տեխնիկան, տեխնոլոգիան, մոտեցումներն ավելի են կատարելագործվում և գնալով մենք շատ ավելի շատ նյութ կարող ենք հայտնաբերել:

Դուք այսօր Արցախում ուսումնասիրման աշխատանքներ եք տանում նաև այլ քարանձավներում, դրանք զուգահե՞ռ աշխատանքներ են:

Մեր նպատակը, որը ձևավորվել է մի քանի տարի առաջ, կայանում է նրանում, որ մենք պետք է դուրս գանք մի քարանձավի սահմաններից, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչպիսի տեղաշարժեր են եղել վաղ անցյալում՝ 40,50, 100 հազար տարի առաջ: Դրա համար մենք պետք է ուսումնասիրենք մի քանի քարանձավներ: Պարզ է, որ հարցը կախված է նաև մեր ռեսուրսների առկայությունից, ամենատարբեր իմաստներով, դա կլինի մարդկային, ֆինանսական, թե ժամանակի հետ կապված: Հույս ունենք, այն աշխատանքները, որ մենք ենք սկսել, կշարունակի երիտասարդ սերունդը և մենք կունենանք ուսումնասիրման այլ կետեր ևս: Արցախի տարածքը  շատ հարուստ է նման հուշարձաններով և դրանք ուղղակի հերթագրված սպասում են իրենց հերթին:

Ցանկացած երևույթ Արցախի հետ կապված ու Արցախից դուրս քաղաքականացվում է, ի՞նչ կասեիք Ձեր պարագայում:

Իհարկե, նման տհաճ իրավիճակների  մենք էլ ենք հանդիպել,  մեր հարևանները փորձել են խոչընդոտել գրքի հրատարակմանը, բայց  միացյալ ուժերով մենք կարողացանք հաղթանակ տոնել, սա իրոք հաղթանակ է, քանի որ նրանք բավական հզոր լծակներ էին օգտագործում` պետական մակարդակով: Մենք էլ մեր լծակները գործի դրեցինք, զուտ գիտական մասով և կարողացանք հասնել հաղթանակի: Պարզ է,  որ դա պետք է լիներ, բայց ամենակարևորն այն է, որ նրանք այսօր լռում են ու այն պարզ պատճառով, որ աշխատանքը կատարված է  լավագույն, առաջատար գիտնականների կողմից, ներգրավված են 20-ից ավելի եվրոպական համալսարաններ և մենք ունենք 10 բովանդակալից ու ծավալուն հոդվածներ: Դա արդեն բավական համոզիչ փաստարկ է և նրանց այս պարագայում ուրիշ բան չի մնում, քան լռել:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.