Գլխավոր / Մտքի քարտեզ / Ալիևի հերթական դիվանագիտական բլեֆը…

Ալիևի հերթական դիվանագիտական բլեֆը…

h  Ինչու՞ Ալիևը խոսեց Եվրատնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր միացման մասին, ի՞նչ է սպասվում  մեր տարածաշրջանում  ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, այս և նման հարցերին ,,Արցախթայմսի,, հետ զրուցում անդրադարձել է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը:

Անդրադառնանք Իլհամ Ալիևի ,,Ռիա Նովոստիին,, տրված հարցազրույցին, որտեղ նա չէր բացառում Ադրբեջանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, սակայն որոշակի պայմանների դիմաց:

Դա ադրբեջանական դիվանագիտությունն է, որը փորձում է ինչ որ նախապատվություններ շահել, և հանդես է գալիս հայտարարություններով, որոնք, բնականաբար, իրագործել չի պատրաստվում: Ադրբեջանին մինչ օրս հաջողվում էր հավասարաչափ քաղաքականություն վարել, ինչպես Ռուսաստանի այնպես էլ Արևմուտքի, Իրանի, Թուրքիայի հետ և մտածել, թե նա պատրաստ է մտնել Եվրասիական միության մեջ, այն էլ ներկա բարդ քաղաքական իրավիճակում,  շատ քիչ հավանական է: Դա ավելի շուտ խաղ է, որը  ես թղթախաղի եմ նմանեցնում: Ալիևն ուղղակի գնում է դիվանագիտական բլեֆի, որպեսզի ստանա այս կամ այն նախապատվությունները: Հնարավո՞ր է, որ նման բլեֆը հաջողություն ունենա, այո հնարավոր է,  մանավանդ Ռուսաստանի հետ, որի դառը փորձը մենք ունենք, մասնավորապես 20-րդ դարի սկզբին, առաջին հանրապետության ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ, կարողացան պարտադրել տարածաշրջանի իրենց պատկերացումները, ի մասնավորե՝  Արցախի և Նախիջևանի հարցում:

Համանախագահների այցին նախընթաց Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում, սա ներքին իրացման խնդիր է, թե՞  արտաքին  ազդակ է պարունակում:

Ոչ դա ներքին խնդիր չէ: Այդ կտրվածքով ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ներքին խնդիրներ չունի, ասել է թե այն լիցքը, այն արդյունքը, որ նրանք ցուցադրել են, հրամցրել են իրենց հանրությանը, նոր ու լրացուցիչ գործողություններ չի պահանջում: Սա քայլ է, ուղղված արտաքին խաղացողներին, ցույց տալու համար, որ ինքը շարունակում է մնալ, որպես ագրեսոր ու նաև անկառավարելի, և, որ ինքը պատրաստ է գնալ ռազմական գործողությունների: Սա մի քաղաքականություն է, որ հաշվարկված է բացառապես արտաքին հարթակի համար, ցուցադրելու իր ուժը, հնարավորությունն ու կարողությունը, ռազմական գործողությունների գնալու առումով: Արդյո՞ք նման գործողությունները համաձայնեցված են ինչ որ երրորդ երկրի հետ, դա մեզ համար կարևոր չէ, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր պատրաստվածությանը, ցանկացած իրավիճակից շահեկան դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ հերթական անգամ համանախագահները ոչ մի գնահատական չեն տա Ադրբեջանի գործողություններին: Ուստի մենք պետք է պատրաստ ու պատասխան գործողություններում ազատ լինենք, ելնելով միայն ու միայն ազգային շահերից, այնպես, ինչպես դա անում են Ադրբեջանը և առհասարակ բոլոր կայացած կամ չկայացած երկրները:

Ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը, կարող է՞  փոփոխություններ բերել:

ԵԱՀԿ Մինսկի խումբը և գործող ձևաչափը, մի ձևաչափ է, որի մեջ ուժային կենտրոնները, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային, հետապնդում են իրենց շահերը, ասել է թե, դա մի հարթակ է, որտեղ հանդիպում են Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան ու երկխոսում են մեր խնդրի շուրջ: Դա աշխարհաքաղաքական խնդիր է և շատ քիչ բան է կախված անձերից: Անկախ նրանից, թե ով է զբաղեցնելու համանախագահի պաշտոնը, մենք գործ ենք ունենալու Ֆրանսիայի քաղաքականության հետ: Ճիշտ է անձերը որոշակի դերակատարություն ունենում են, բայց դա սուբյեկտիվ գործոն է: Իսկ թե կլինեն փոփոխություններ, թե՝ ոչ, պետք է սպասել, ժամանակը ցույց կտա:

Թվում է թե աշխարհը սպասողական վիճակի մեջ է, կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ, և մանավանդ հակամարտության կետերում ինչ որ փոփոխությունների սպասում են ընտրություններից հետո, Ձեր կանխատեսումները, հնարավոր ե՞ն փոփոխություններ մեր տարածաշրջանում: 

Ցավոք ոչ բոլոր հակամարտություններն են սառեցվում ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, հիմա մենք տեսնում ենք ռազմական գործողություններ են ընթանում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Հալեպի և Մոսուլի շուրջ, բավական բարդ վիճակ է Լիբիայում: Դա այդպես չէ: ԱՄՆ նախագահի ընտրություններն այո կարևոր իրադարձություն են, բայց եզակի չեն: Կլինե՞ ն փոփոխություններ Հարավային Կովկասում, ես կարծում եմ, որ ոչ, որովհետև Հարավային Կովկասը, մանավանդ, Արցախյան հիմնախնդիրը, այս պահին երկրորդական է ուժային կենտրոնների համար, կան ավելի թեժ կետեր, որոնց վրա և սևեռված է նրանց ուշադրությունը, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա իսկ հիմնականը դա Չինաստանն է:   Հատուկ փոփոխություններ ես կարծում եմ չեն լինի, իհարկե չեմ բացառում Ալիևի գիտակցված, հանցագործ վարքագիծը, որը փորձում է ամեն կերպ օգտվել ստեղծված իրավիճակից, մասնավորապես, Ռուսաստանի ու Թուրքիայի հաշվին, բայց հուսով եմ դրանք կսահմանափակվեն լոկալ առումով: Այսօր անկանխատեսելի է, ոչ թե ԱՄՆ քաղաքականությունը, այլ Ռուսաստանի, ուստի մենք պետք է աչալուրջ լինենք շատ ավելի հյուսիսի հանդեպ:  Չպետք է մոռանանք նաև Թուրքիայի պարագան, որն այսօր հանդիսանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործընկերը և ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերում:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.