Գլխավոր / Մտքի քարտեզ / Ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության համարժեք արձագանքն է

Ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության համարժեք արձագանքն է

IMG_3633Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումները բավականին աշխուժացել են, վերջին շրջանում առանձնապես ակտիվացել է ամերիկյան դիվանագիտությունը: Տարբեր մակարդակներում հաճախակի է հնչում ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությունը: Որքանո՞վ է այն իրական ներկա փուլում: Այս հարցերի շուրջ ,,Արցախթայմսը,, զրուցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանի հետ:

         Ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան դիվանագիտության ակտիվությունը տարածաշրջանում:

Ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության համարժեք արձագանքն է: Ապրիլյան պատերազմի դադարեցման հարցում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ակտիվ դերակատարությունը բացատրվում է նրանով, որ ,,Մինսկի եռյակում,, միայն Մոսկվան ունի մեր տարածաշրջանում նման  հարցերով զբաղվելու գործառնական միջոցներ: Սակայն Ռուսաստանը չի ցանկանում սահմանափակվել միայն ռազմական հարցերով: Ս. Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ղեկավարների կանոնավոր շփումներ անցկացնել Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ, ինչը մեծացնում է Ռուսաստանի դերակատարությունը և կարծիքների փոխանակման նոր ձևաչափ ստեղծում: Լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը  ձգտում է ոչ միայն նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլև հանդես է գալիս ստատուս քվոյի փոփոխման առաջարկներով: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից որևէ մեկի միանձնյա միջնորդությունը կարող է արտատարածաշրջանային դերակատարների շահերի հավասարակշռության խախտման հանգեցնել: Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերին ձեռնտու է ունենալ հավասարակշռված միջնորդություն, որն էլ ապահովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:

         Արդյո՞ք իրական է ներկա փուլում ստատուս  քվոյի փոփոխությունը:

Եթե մինչ Ապրիլյան պատերազմը  հակամարտության կարգավորման քաղաքական հարցերի շուրջ  համաձայնության հասնելն ինքնին շատ բարդ խնդիր էր, ապա պատերազմից հետո իրավիճակն ավելի է վատթարացել: Արցախում և Հայաստանի Հանրապետությունում նկատելի են հայրենասիրության բուռն դրսևորումներ, նաև ծայրահեղ բացասական վերաբերմունք է ձևավորվել փոխզիջումների մասին ցանկացած խոսակցության նկատմամբ: Չնայած ստեղծված նոր իրողություններին, այդ թվում`հանրային տրամադրություններին, հակամարտության կարգավորման շուրջ  քննարկումներն ակտիվացել են: Հավանաբար, ակտիվ բանակցություններ, որոնք պետք է հանգեցնեին ԼՂՀ տարածքների հանձնմանը Ադրբեջանին, նախատեսված էր հետպատերազմյան սցենարով: Տարօրինակ է, որ ոչ միայն Ապրիլյան պատերազմը սանձազերծած Ադրբեջանը, այլև մյուս դերակատարներն են շարունակում անտեսել ձախողված բլից-կրիգի արդյունքները  եւ փորձում փոխել ստատուս քվոն: Նման վարքագիծը, որը հաշվի չի առնում ստեղծված իրավիճակը, կարող է հանգեցնել ապակայունացման:

Ակնհայտ է, որ առանց հրադադարի ռեժիմի վերահսկման և միջադեպերի հետաքննության մշտական մեխանիզմի ներդրման, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման քաղաքական հարցերում որևէ  առաջընթաց հնարավոր չէ ակնկալել:

Նշյալ երկու մեխանիզմների ներդրման հարցում առավել շահագրգիռ է ԱՄՆ-ն: Կուզեի հիշեցնել անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի նախաձեռնության մասին, որին աջակցեցին 80 կոնգրեսականներ և ԱՄՆ պետդեպարտամենտը: Կոնգրեսականները երեք քայլ էին առաջարկել, որոնք թույլ կտան մոտ ապագայում ապահովել ռազմական գործողությունների դադարեցումն ու կայունության պահպանումը, իսկ տևական հեռանկարում կնպաստեն տարածաշրջանում համապարփակ եւ կայուն խաղաղության ձեռքբերմանը: Մասնավորապես, հակամարտող կողմերը պետք է համաձայնագիր ստորագրեն շփման գծից դիպուկահարներին հեռացնելու մասին, այնպիսի տեխնիկա տեղակայեն, որը կորոշի հրադադարի ռեժիմի խախտողին, ինչպես նաև մեծացնեն  ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների թիվը շփման գծի երկայնքով՝ զինադադարի ռեժիմի վերահսկողության բարելավման նպատակով։

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.