Գլխավոր / Մտքի քարտեզ / Աշխարհը փոխվում է շատ մեծ արագությամբ

Աշխարհը փոխվում է շատ մեծ արագությամբ

1a15e774-3282-4b09-bc44-a47ef980cbbaՀամաշխարհային քաղաքական իրավիճակը դարձել է անկայուն  և շատ դժվար կանխատեսելի: Աշխարհը փոխվում է շատ մեծ արագությամբ, նույնիսկ անսպասելի սցենարներով, ինչը տարբեր կանխատեսումների ու վերլուծությունների տեղիք է տալիս: Ըստ քաղաքագետ, Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքակնության և անվտնագության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանի, Իրանի շուրջ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ համագործակցությունը բխում է նաև հայկական շահերից և Իրանի աճող դերը սահմանափակելու է Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում սառույցի հալեցում և նույնիսկ որոշ հարցերի շուրջ համաձայնությունների ձեռք բերում է նկատվում: Ինչ ազդեցություն դա կունենա տարածաշրջանային խնդիրների վրա:

– ՌԴ և ԱՄՆ դիրքորոշումների մերձեցման միտումները կարելի է միանգամայն ողջունել: Քանի դեռ չեղյալ չի հայտարարվել պատժամիջոցների ռեժիմը, վաղաժամ է խոսել լիարժեք միջպետական հարաբերությունների մասին:

Եթե խօսենք արդիական օրակարգի մասին, ապա ԱՄՆ և ՌԴ համագործակցությունը նպաստելու է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությանը` առաջին հերթին Սիրիայում և Իրաքում:

Միջազգային և տարածաշրջանային օրակարգի մյուս կարևոր հարցը` իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումն է: Բազմամյա մեկուսացումից Իրանի դուրս գալու սկսված գործընթացի կապակցությամբ ԱՄՆ և ՌԴ միջև դիմակայության բացակայությունը թույլ կտա Հարավային Կովկասի երկրներին և, առաջին հերթին` Հայաստանի Հանրապետությանը և Արցախին օգտվել առաջացող տարանցիկ և այլ հնարավորություններից: Անկախ Հայաստանն իր քաղաքականությունն է կառուցում խոշոր խաղացողների շահերի համատեղման և ոչ թե հակադրման հիման վրա: Այս տեսանկյունից` Իրանի շուրջ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ համագործակցությունը բխում է նաև հայկական շահերից: Բացի դրանից, Իրանի աճող դերը սահմանափակելու է Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները:

– Ռուս – թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների և Թուրքիայի           ներքաղաքական իրավիճակի ֆոնին մտայնություն կա, թե դա Թուրքիայի քայքայման           սկիզբն է…

– Թուրքիայի մասնատման հարցն ակտիվորեն քննարկվում է քաղաքագիտական շրջանակներում: Դրան կարող են հանգեցնել հետևյալ գործոնները. Ներկայիս թուրքական իշխանությունների չափազանցված և անհիմն հավակնությունները, բազում հարևանների հետ Թուրքիայի իշխանությունների ստեղծած սուր խնդիրները, երկրի ներսում քուրդ էթնոսի դեմ դիմակայությունը, ինչպես նաև` սիրիացի և իրաքցի քրդերի մի մասի մասնակցությունը ահաբեկչական խմբավորում Իսլամական պետության դեմ պատերզմին:

Կարծիք կա, որ քուրդ զինյալների ակտիվ մասնակցությունը ԻՊ դեմ իրականացվող համատեղ ցամաքային գործողություններին կարող է ապահովել միջազգային աջակցությունը քրդական պետականության ստեղծման համար, որն, ինչպես ենթադրվում է, ներառելու է նաև Թուրքիայի հարավ-արևելքը: Թուրքիայի հնարավոր մասնատումը երկար տարիներով կնվազեցնի այդ երկրի և իր մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի իշխանությունների աճող հավակնությունները, ինչն, իր հերթին, դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

– Սարգսյան – Ալիև  հանդիպումից ակնկալիքները մեծ չէին, ինչն էլ փաստորեն           հաստատվեց: Շատերը սահմանային լարվածությունը կապում են հենց հանդիպման         հետ, ինչպիսինն է Ձեր դիտարկումը:

– Ադրբեջանը մշտապես է խախտում հրադադարի ռեժիմը, երբեմն ավելի մեծ, երբեմն էլ՝ ավելի փոքր ինտենսիվությամբ: Բացառություն էր միայն Ադրբեջանում միջազգային կամ համապետական միջոցառումների անցկացման շրջանը, որը պահանջում էր կայուն վիճակ: Օրինակ, այս տարվա ամռանը՝ Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման օրերին, ադրբեջանական կողմը շահագրգռված չէր ապակայունացնելու իրավիճակը և դադարեցրեց սադրիչ գործողությունները սահմանին:

Բարձր մակարդակի հանդիպումներն արտասահմանում, օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետների այցելությունները տարածաշրջան կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հրադադարի ռեժիմի մոնիտորինգը խոչընդոտ չեն Ադրբեջանի համար, որպեսզի նա արհեստականորեն սրի իրավիճակը տարածաշրջանում:

Եթե մեր զինծառայողների կորուստը ուղղակիորեն կապված լիներ գագաթնաժողովների անցկացման հետ, ապա անշուշտ արժեր հրաժարվել այդ հազվադեպ հանդիպումներից: Չէ՞ որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ավելի քան մեկ տարի չէին հանդիպել, բայց դրանից ադրբեջանցիների դիվերսիոն ակտիվությունն ու ղարաբաղյան պաշտպանական դիրքերի և հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունը չէր դադարել:

 

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.