Գլխավոր / Մտքի քարտեզ / Արցախի ներկայիս տարածքը սակարկության առարկա չէ…

Արցախի ներկայիս տարածքը սակարկության առարկա չէ…

5arman-1Ղարաբաղյան հակամարտության շուրջ որքան ակտիվանում են գործընթացները, նույնքան ավելանում են տեսակետներն ու մոտեցումները: Բանակցային գարծընթացի և անհրաժեշտ օրակարգի շուրջ, ,,Արցասխթայմսի,, հետ իր կարծիքը կիսեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Ի՞նչ կասեք ընթացող բանակցային գործընթացի և նրա օրակարգի վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգը անհրաժեշտ է փոխել և բանակցային սեղանին դնել այն հարցերը, որոնք թույլ կտան մեզ արժանապատիվ խաղաղություն հաստատել: Պետք է գործընթացից դուրս մղել այն խնդիրները, որոնք բանակցելի չեն մեզ համար: Այս տեսանկյունից, կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնել հակառակորդին, ըստ իս, ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլ նաև արցախահայության, Արցախի պետականության գոյության տեսանկյունից: Դա ճակատագրական քայլ է, անգամ ճակատագրական քննարկման հարց:

Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե հայկական կողմերը ինչպիսի օրակարգ կձևավորեն: Սա շատ կարևոր հարց է: Տարիներ շարունակ, թե պարոն Լևոն Տեր Պետրոսյանը, թե նրան հաջորդած մյուս նախագահները, բանակցել են տարածք հանձնելու խնդրի շուրջ և ավելին՝ բանակցությունները ուղղակի բանակցություններ չեն մնացել, ընթացքում փոխվել է նաև բանակցային միջավայրը: Փոխվել է քննարկվող հարցերի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը: Ավելին՝ փոխվել է հայ հանրության վերաբերմունքը: Եվ  եթե  1994 թվականին տարածք հանձնելու մասին խոսելն անգամ անհեթեթություն էր, այժմ տարբեր քաղաքական գործիչների միջոցով փորձում են դա հրամցնել մարդկանց, որպես նորմալ մի երևույթ: Ու հանրության կողմից խնդիրը մի տեսակ թողնվել է ինքնահոսի, իսկ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են խնդրի շուրջ իրենց տեսլականները, այն է՝ արտաքին դերակատարների հետ ինչ-որ գործարքների գնալը: Այժմ ժամանակն է, որ հանրությունը պատրաստ լինի կանխել  բանակցային գործընթացում ոչ հայանպաստ ցանկացած քայլ:

Միջազգային հանրության  և արտաքին դերակատարների ճնշումներն ի՞նչ տեղ ունեն խնդրում:

Միջազգային հանրության ճնշումների հետ կապված, ասեմ, որ դրանք չեզոքացնելու բոլոր հնարավորությունները մենք ունենք: Այստեղ անհրաժեշտ է համակցված աշխատանք, Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից: Կան համապատասխան մշակումներ, որոնք թույլ կտան առաջին փուլում լուծել երեք խնդիր: Նախ և առաջ, պետք է բարձրացվի Արցախի միջազգային սուբյեկտայնությունը, այսինքն թեկուզ և այն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, բայց սա պետություն է, որն ունի պետական ինստիտուտներ և վարում է ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն: Երկրորդ խնդիրը, որ պետք է լուծենք, այն է՝  Արցախի ներկայիս տարածքը սակարկության առարկա չէ ու չի կարող լինել: Դրա համար էլ պետք է կատարվեն ու կատարվում են անհրաժեշտ քայլեր: Այս փուլի երրորդ խնդիրը, դա Հայաստանի ագրեսոր լինելու վերաբերյալ ստեղծված կարծրատիպի վերացումն է: Դրա համար էլ գոյություն ունեն անհրաժեշտ և հնարավոր քայլեր, որ պետք է անեն Արցախն ու Հայաստանը: Բայց դա էլ բավարար չէ, մենք պետք է առաջարկենք կարգավորման այնպիսի մոդել, որն ընդունելի լինի միջազգային իրավունքի տեսանկյունից, ընդունելի լինի երկուստեք արժանապատիվ խաղաղության հասնելու տեսանկյունից և եթե այն վիժեցվի, ապա կվիժեցվի Ադրբեջանի պատճառով և սա արդեն մեր խնդիրը չէ: Բայց ամեն դեպքում, մենք նախորդ հարցերը լուծած կլինենք՝ այն է Արցախի իրական սուբյեկտայնության գալը, Արցախի տարածքային ամողջականության և Հայաստանի ագրեսոր չճանաչելու խնդիրները:  Քաղաքական, դիվանագիտական մակարդակում ես այս հարցերի լուծումը իրատեսական եմ համարում, հաշվի առնելով նաև արտաքին շահերի արտահայտությունը: Ամեն դեպքում որոշ շահեր պետք է վերանայվեն, այսինքն այդ շահերին հասնելու ուղիները պետք է վերանայվեն նաև արտաքին դերակատարների կողմից, որովհետև նրանց մոտեցումներն այսօր ուղղակիորեն հարվածում են մեր ազգային շահերին: Վերջին հաշվով, իրենց շահերի իրականացման համար մենք պարտավոր չենք ինքնասպան լինել: Կան բաներ, որ մեզ համար ինքնասպանության են համարժեք, ուրեմն մենք պետք է այդ վտանգները չեզոքացնենք:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.