Գլխավոր / Մտքի քարտեզ / Բելգիա – Արցախ հարաբերությունների շուրջ

Բելգիա – Արցախ հարաբերությունների շուրջ

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին Արցախում են, ովքեր  իրենց տպավորություններով կիսվել են լրագրողների հետ: Ի դեպ Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին առաջին անգամ են Արցախում և, կարելի է ասել, որ մեր երկիրը մի յուրօրինակ բացահայտում էր նրանց համար: ժողովրդավարական արժեքները նրանք արցախյան պրիզմայով են վերարժևորել:

Մեր այցը ոչ միայն ճանաչողական բնույթ է կրում, այլ նպատակ ունենք համագործակցության եզրեր գտնել Արցախի Հանրապետության հետ, նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Տարեցտարի Բելգիայի խորհրդարանականների մոտ աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ և յուրաքանչյուր այցից հետո մեր գործընկերներին ներկայացնում ենք  Արցախում ապրող  մարդկանց, նրանց պայքարի մասին, նշում, որ գործ ունենք մի երկրի հետ, որտեղ  գործում են  իրական արժեքներ, իսկ ինչպես գիտեք, Եվրոպայում մեծ ուշադրություն է դարձվում մարդու հիմնարար իրավունքների և առհասարակ ժողովրդավարության զարգացման  վրա:

Եվ մեր այցը Արցախ կարևոր է նրանով, որ վերադառնալով Բրյուսել, մենք մեր գործընկերներին պետք է պատմենք, թե այսօր ինչպիսինն է Արցախը, ինչ արժեքներ է որդեգրել և ինչպես են պայքարում իրենց ազատության, անկախության ու արդարության համար: Ես երրորդ անգամն եմ Արցախում և բավական մեծ առաջընթաց եմ արձանագրում:  Մեր այցը նաև նպատակ է հետապնդում շփման, համագործակցության եզրեր գտնել , որը ես տեսնում եմ առողջապահական, կրթական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում:  Այդ առումով մեծ հույսեր եմ կապում Ֆրանկոֆոնիայի հետ, որը կարող է համագործակցության նոր եզրեր բացել:  Այս մասով որոշ ծրագրեր մեկնարկել են, համալսարանի, արտգործնախարարության հետ, որ երիտասարդ մասնագետները վերապատրաստում անցնեն, մշակութային բնագավառում և անհրաժեշտ է տարեցտարի ընդլայնել այդ համագործակցությունը, իսկ դրա համար պետք է համախոհներ ձեռք բերել մեր խորհրդարանում, այլապես ցանկացած ծրագիր ենթակա է ձախողման:

Արցախն իր հերթին պետք է կարողանա շատ ուժեղ ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծել: Անհրաժեշտ է ոչ թե վառ արտահայտված անհատներ ունենալ, այլ կառույցներ:

Ինչպես ե՞ք վերաբերվում  Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ պատգամավորներ Էլենի Թեոխարիուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ քրեական գործ հարուցելու Ադրբեջանի հայտարարությանը:

Նախ ես զարմացած եմ, որ ընդամենը երեք հոգու անուն են տվել,  որովհետև շատ ավելի շատ խորհրդարանականներ են եկել Արցախ: Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ, ես ինքս առնչվել եմ նման խնդրի, Բելգիայում Ադրբեջանի դեսպանի և առհասարական ադրբեջանական լոբբի հետ:  Ինքս զգացել եմ այդ ճնշումները,  երբ առաջին անգամ գալիս էի Արցախ ու այդ երկրի նման պահվածքը այլևս ինձ չի զարմացնում:

Ադրբեջանի նախագահը վերջերս փոխնախագահ է նշանակել իր կնոջը, ինչը պետք է որ խիստ քննադատության արժանանար, սակայն Եվրոպան աչք փակեց, ո՞րն է Ձեր դիտարկումը:

Մենք շատ ենք հայտնվում այնպիսի իրավիճակում, երբ մի կողմից տնտեսական, իսկ մյուս կողմից ժողովրդավարական արժեքներ են և դրանց առճակատումը շատ մեծ լարում  է ստեղծում: Օրինակ տնտեսական լոբբին  Թուրքիաի առումով Եվրոպայի համար շատ մեծ դեր է խաղում: Պետք է ասել, որ Թուրքիան Բելգիայի տնտեսության մեջ շատ մեծ ներկայություն ունի: Ես չեմ կարող թվային տեսքով ներկայացնել Ադրբեջանի և Բելգիայի տնտեսական շրջանառությունը, բայց դա մեծ թիվ է լինելու: Ու դժվարությունը հենց կայանում է նրանում, որ նման իրավիճակում կարողանանք հստակ ու ծանրակշիռ խոսք ունենալ, որը պահպանելով ժողովրդավարական արժեքները, չի անտեսի տնտեսական շահերը: Դրան զուգահեռ, չմոռանանք  նաև ընտրական գործընթացի մասին, բանն այն է որ մեզ մոտ մեծ թվով թուրքեր ու ադրբեջանցիներ են ապրում և իրենց ազդեցությունն են ունենում ընտրական գործընթացի վրա:  Շատ հաճախ տնտեսական շահերից ելնելով սկսում ենք աչք փակել չափազանցությունների վրա,  ինչը  փաստորեն տնտեսական ճնշում է: Խնդիրը բավական բարդ է, եթե տնտեսական կապերը խզվեն այդ երկրների հետ,  մյուս կողմից դա պատժիչ քայլ կլինի տվյալ երկրի ժողովրդի դեմ:

Բայց դա էլ միանշանակ չէ. Եվրոպան այսօր պայքար է մղում արմատականության դեմ և այդ արմատականությունը գալիս է մահմեդական աշխարհից, որի արդյունքը այն ահաբեկչական ակտերն են, որ տեղի են ունենում  Եվրոպայում: Ես այստեղ ուզում եմ հիշենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով առաջիններից էր, որ ոչ միայն  ճանաչեց հայկական ցեղասպանությունը, այլև խոստովանեց Գերմանիայի մեղսավորությունը: Չնայած Գերմանիայում քիչ չեն թուրքերը, և ինձ համար սա մեծ օրինակ է:

Իմ կարծիքով, ամեն դեպքում տնտեսական շահերը պետք է ստորադասել մարդու իրավունքների ազատությանը: Եվ երբ ընտրում ենք գործընկերային երկրներ, պետք է կարողանանք ժողովրդավարական երկրներին առավելություն տալ: Իսկ այն երկրները, որտեղ ժողովրդավարությունը բավարար մակարդակի վրա չէ, կարողանանք տնտեսական կապերի միջոցով ազդեցություն գործել, մեր  քաղաքական հայացքները տարածելու համար: Դա քաղաքական էթիկայի խնդիր է, և այն պետք է կարողանա իշխել տնտեսական շահերի վրա:

Ստուգեք նաեւ

Ազատագրված հայկական տարածքները մեծ խաղի խաղաքարտ

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի խորը երևակվեց Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը, բնականաբար, իր …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.