Գլխավոր / Մտքի քարտեզ / Մենք պետք է որոշակի ճանապարհ անցնենք, նոր սահմանադրություն փոխենք…

Մենք պետք է որոշակի ճանապարհ անցնենք, նոր սահմանադրություն փոխենք…

IMG_6441

 Արցախի քաղաքական ուժերի համար օրակարգային թիվ մեկ հարցը, սահմանադրական փոփոխություններն են, որոնք գտնվում են քննարկման նախնական փուլում:  ,,Արցախթայմսի,,   հետ զրույցում Աժ պատգամավոր,  <<Շարժում – 88>> կուսակցության անդամ Գագիկ Բաղունցը անդրադառնալով գործընթացին և համակարգային փոփոխություններին, նշել է, որ կուսակցությունը կողմնակից է  երկրի կիսանախագահական համակարգին:

Ցանկացած փոփոխություն, բարեփոխում է ենթադրում և հարցն այն է, թե այդ բարեփոխումները ինչով են նպաստելու մեր երկրի կայացմանն ու հետագա զարգացմանը:  Գաղտնիք չէ, որ  մենք ինչ որ տեղ պարտադրված ենք գնում նման քայլի, նկատի ունենալով, որ  Հայաստանի Հանրապետության հետ գտնվում ենք միևնույն քաղաքական ու իրավական դաշտում, ու բնականաբար, գործընթացն անխուսափելի է  նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բայց իմ կարծիքով, դեռ վաղ է Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, չնայած որոշ քաղաքական գործիչներ, կուսակցություններ  պնդում են, որ մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է անցնել խորհրդարանական հանրապետության համակարգին: Գտնում եմ, որ 20-25 տարին, նորաստեղծ պետության համար կարճ ժամանակահատված է ամբիցիոզ սահմանադրություն ունենալու համար: Հիշենք Բիսմարկի խոսքերը, որ ասում էր՝ ունենալով լավ չինովնիկներ ու վատ օրենքներ, կարելի է երկիրը զարգացնել, մինչդեռ նույնը հնարավոր չէ հակառակ պարագայում: Շատ ավելի կարևոր եմ համարում աշխատել հանրության մակարդակի բարձրացման և դրան զուգահեռ գրագետ, պարկեշտ պաշտոնյաների դաս ունենալու ուղղությամբ: Մենք չունենք քաղաքականապես զարգացած հանրություն, որը հետքրքրված է իր երկրի քաղաքական գործընթացներով, ինչը պակաս կարևոր չէ երկրում ժողովրդավարություն զարգացնելու համար: Իսկ Սահմանադրությունը պետք է համապատասխանի երկրի ընդհանուր` քաղաքական, սոցիալ – տնտեսական զարգացվածության մակարդակին, ասել է թե, հանրության մակարդակը պետք է համահունչ լինի սահմանադրությամբ ձևավորված իրավական դաշտին: Խախտելով այս ներդաշնակությունը, մենք ոչ թե նպաստում, այլ խոչընդոտում ենք զարգացմանը:  Մյուս կողմից չի կարելի միանշանակ գնահատական տալ խորհրադարանական, կամ նախագահական համակարգերին, երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Ու մենք  պետք է ոչ թե ընդօրինակենք եվրոպական որևէ առաջադեմ երկրի փորձը,  այլ մտածենք, թե կառավարման որ համակարգը, որքանով է համապատասխանում մեր ազգային ինքնությանը, մեր հանրության զարգացման մակարդակին:

Հաճախ նախագահական կառավարման համակարգին անդրադառնալիս, խոսում են ավտորիտարիզմի վտանգների մասին: Բայց նման վտանգներ հայ իրականությունն ունի ամեն դեպքում,  և չեմ բացառում, որ ասենք, մի կուսակցություն իր նախագահով հանդերձ, նման ավտորիտարիզմի մեխանիզմներ չի մտցնի, ու ամենևին կարևոր չէ, դա արվում է մեկ մարդու, թե՞ մեկ կուսակցության կողմից:  Բոլոր դեպքերում արդյունքը կլինի նույնը:

Դա բացառելու համար որոշակի քայլեր են անհրաժեշտ, ասենք ընդդիմադիր դաշտի, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղղությամբ: Իսկ մյուս կողմից դա բնականոն գործընթաց է, և կարծում եմ, պետք չէ վռազել:

Այսօր ԼՂՀ ընդիմադիր ուժերը պատրա՞ստ են համաքայլ գործել նոր սահմանադրության պայմաններում:

Կարծում եմ դեռ ոչ, ընդիմությունն Արցախում կայացման փուլում է, և երբ ասում եմ, որ մեր հանրությունը և քաղաքական դաշտը դեռ պատրաստ չէ, խոսքը նաև դրան է վերաբերում:

Միգուցե, ընդունելով նման սահմանադրություն, ինչպիսին ընդունվել է Հայաստանում, լրացուցիչ խթան  հանդիսանա ընդիմադիր դաշտի կայացման համար, սակայն կրկնում եմ, կողմնակից եմ բնականոն զարգացմանը:  Մենք պետք է որոշակի ճանապարհ անցնենք, փորձ ձեռք բերենք:

,,Շարժում – 88,,  կուսակցությունն ունի՞ կոնկրետ առաջարկներ, թե՞ դեռ վաղ է խոսել:

Իհարկե կան ծրագրային դրույթներ, որոնք ներկայացնելու ենք քննարկումների ժամանակ, սակայն  ներկա փուլում քննարկվող հիմնական հարցը այն է, թե ինչին՞ ենք մենք ձգտելու, ինչպիսի՞ երկիր ենք պատրաստվում կառուցել, կլինի դա նախագահական, պառլամենտական, թե խառը ինչ որ համակարգ:  Բավական լուրջ մոտեցում է պահանջում խնդիրը, և մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք:  Եթե ասում են, որ պառլամենտական համակարգը ապահովում է ավելի զարգացած ժողովրդավարություն, ապա դա միանշանակ ընդունել պետք չէ, ասածիս վառ օրինակը Ամերիկան է, որը ամբողջ աշխարհում այսօր ժողովրդավարություն է տարածում, լինելով դասական նախագահական երկիր: Չեմ ընդունում նաև այն տեսակետը, համաձայն որի, այդ փոփոխությունները մեզ համար փրկություն են, կամ զարգացման միակ խթան:  Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ մեխանիզմը ինչպես է կիրառվում: Ասենք, եթե  Ֆրանսիան առաջադեմ ժողովրդավարական երկիր է, ապա   նույն կարգը, իրավական դաշտը  Ուկրաինայում ուրիշ սցենարների է բերել: Փաստորեն մենք պետք է ոչ թե աբստրակտ դիտարկենք որևէ սահմանադրություն, կամ փոփոխություն, այլ փորձենք ճշտել, թե որքանով է այն կիրառելի մեր իրականության մեջ: Ժողովրդավարության ճանապարհին փոփոխությունները չպետք է դեկլարատիվ լինեն: Շարժում -88 կուսակցությունը կողմնակից է  երկրի կիսանախագահական համակարգին, ինչն էլ հռչակված է մեր ծրագրում, ու կարծում ենք,  ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում և տնտեսական մեխանիզմների զարգացման փուլում գտնվող երկրում  չպետք է միանգամից անցնել խորհրդարանական համակարգի:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.