Գլխավոր / Մտքի քարտեզ / Եվրոպական չափանիշները ճիշտ կիրառելու դեպքում, կունենանք արդյունավետ կրթական համակարգ

Եվրոպական չափանիշները ճիշտ կիրառելու դեպքում, կունենանք արդյունավետ կրթական համակարգ


12525445_1123387887695790_4580403184893704152_o
                        ,,Գիտելիքն է պետք ապագային, ոչ թե ծանոթ – բարեկամը, սա կյանքի զարգացման խնդիր է,,նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը ,,Արցախթայմսի,,   հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով բոլոնյան արժեհամակարգի, եվրոպական չափանիշների ներմուծմանը, կրթական համակարգի արդի խնդիրներին և այն հարցին, թե արդյոք բոլոնյան համակարգը արդարացված է հայ իրականության մեջ:

         Բոլոնյան համակարգը որպես արժեհամակարգ, իր նպատակներով շատ լավն է, այլ հարց է, թե ո՞նց է այն կիրառվում: Մի համակարգ չի կարող նույնությամբ աշխատել բոլոր երկրներում: Համակարգը տալիս է սկզբունքներ, որոնք բոլոր երկրներում պետք է ունենան իրենց առանձնահատկությունները: Բոլոնյան համակարգը շաբլոն ձևով փորձում ենք կիրառել, որն ինքնին սխալ է:  Այդ համակարգն ունի մի  ձև և բոլորովին այլ բովանդակություն: Ինչպե՞ս է հնարավոր եվրոպական չափանիշներ ներդնել մի երկրում, որի գյուղական դպրոցների աշակերտների քանակը ասենք 60 է, այն դեպքում, երբ Եվրոպայում ամենափոքր դպրոցի աշակերտների թիվը 1000-ից 2000 է: Նման պայմաններում սկզբունքների նույնականացումը սխալ է:  Կամ, ինչպե՞ս եք պատկերացնում այդ չափանիշների կիրառումը ասենք սահմանամերձ շրջաններում, որտեղ դասերն ընթանում են կրակոցների տակ, այդ արժեքները հնարավոր չէ  նույն ձևով կիրառել:  Ամեն մի արժեհամակարգ ունի իր դրսևորման ձևը, որի թիվ մեկ խնդիրը երկրի առանձնահատկությունն է:  Որևէ երկիր համակարգը ընդունելուց առաջ, պետք է մշակի ռազմավարություն, հստակ  նպատակ, նոր միայն փորձի արժեհամակարգը պահպանել:  Իսկ իրականացման ձևը, տարբեր երկրներում, պետք է տարբեր լինի: Հենց սրա մեջ է սխալը: Եթե մենք ճիշտ կողմնորոշվենք իրականացման ձևերի հարցում, ապա ոչ միայն բոլոնյան համակարգը, կամ եվրոպական չափանիշները, այլ ցանկացած առաջադեմ փորձ արդյունավետ կլինի: Անընդունելի է որևէ երկրին մեխանիկորեն նմանվելը: Ի՞նչ բարեփոխումներ ենք մենք իրականացրել անկախությունից հետո: Սկզբնական շրջանում մենք վռազ անցանք բլեյանական համակարգին,  որը կոնկրետ ամերիկյան համակարգ է, այսինքն վերացական տրամաբանություն՝ կտրված ազգային արժեհամակարգից:  Ամերկայի նման բազմազգ երկրի համար դա ճիշտ է, մեզ համար՝ ոչ, և եղավ այն ինչ եղավ: Հետո սկսեցինք նմանվել եվրոպականին, որը մի քիչ հոգեհարազատ է, իր բոլոր մեզ համար ոչ ճիշտ կողմերով:  Բայց այստեղ էլ միանշանակ ընդունել չի կարելի:

Խնդիրը հետևյալն է, բարեփոխման էությունը ընկալվում  է, թե՞ ոչ: Օրինակները բազմաթիվ են, ասենք՝ Ռուսաստանն իր առանձնահատկություններից ելնելով, 12 ամյա համակարգի չանցավ այլ 11-ամյա, կամ Պարսկաստանի պարագան, որտեղ դպրոցական ծրագրերը այնքան էլ ուժեղ չեն, ինչը չի կարելի ասել բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին, մասնավորապես, իրականացված բարեփոխումներից հետո:  Այսօր, շնորհիվ այդ բարեփոխման, Պարսկաստանի ԲՈՒՀ-երը  հոյակապ մասնագետներ են թողարկում, ովքեր հանգիստ կարողանում են տեղ գտնել, թե Եվրոպայում, և թե այլ երկրներում:  Կրթական համակարգում իրականացվող բարեփոխումը պետք է սկսել նախադպրոցականից մինչև ԲՈՒՀ, որը պետք է լինի համահունչ ու փոխլրացնող: Սկսած ֆինանսական հարցերից մինչև կրթական ծրագրեր:

Հիմա կրթական օրենքներին եթե ուշադիր հետևենք, կտեսնենք որ համակարգը գնում է ապակենտրոնացման և ի՞նչն է այստեղ զարմանալի, իրավունքներ շատ են տրված, բայց այդ իրավունքներից օգտվողներն են քիչ, մինչդեռ՝ պետք է հակառակը լինի: Շատ տեղերում օրենքները առաջ են անցել, իսկ ներքևի օղակներում կամ տեղյակ չեն, կամ չեն ուզում պատասխանատվություն կրել: Ամփոփելով ասեմ, որ ոչ թե եվրոպական չափանիշներն են սխալ, այլ կիրառումը:

Կարծիքներ կան, որ բոլոնյան համակարգը զուտ կոմերցիոն խնդիր է լուծում, ինչպե՞ս կմեկնաբանեիք դուք:

Բոլոնիայի գործընթացը եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա: Այդ համակարգի նպատակը զուտ կոմերցիան չէ, մենք պետք է այո, հաշվի առնենք կոմերցիոն խնդիրը, նորից ելնելով տեղական առանձնահատկություններից:  Այն իրականությունը, որը հիմա ունենք, դա կոմերցիա չէ: Վճարովի կրթությունը պատկերացնում եմ հետևյալ կերպ. եթե ասենք որևէ հիմնարկի, աշխատավայրի  մասնագետ է անհրաժեշտ, ապա ուսման համար պետք վճարի ոչ թե ուսանողը, այլ տվյալ  հիմնարկը: Վերջինս կարող է ուսանողի հետ համապատասխան պայմանագիր կնքել, թե նա ավարտելով, քանի՞ տարի պետք է աշխատի իր հիմնարկում:

Արդյո՞ք կոմերցիա կարելի է համարել այն, որ ուսանողը ուսման համար վճարում է, բայց վստահ չէ, վաղը աշխատանք կունենա, թե՞ ոչ:  Զարգացած որոշ երկրներում, հատուկ վերլուծություններ են իրականացվում, թե իրենց ԲՈՒՀ-ի շրջանավարտներից քանիսն են աշխատանքի տեղավորվել, որով և փորձում են ճշտել, թե որքանո՞վ է արդյունավետ ԲՈՒՀ  և կյանք կամ ԲՈՒՀ և  բիզնես կապը: Մենք ունե՞նք համապատասխան վերլուծություն, թե մեր ԲՈՒՀ-երի շրջանավարտները ավարտելուց հետո կարողանում են աշխատանքի ընդունվել, թե ոչ, կամ ի՞նչն  է պատճառը, աշխատատեղերի բացակայությունը, թե՞ մասնագետները չեն համապատասխանում պահանջներին: Այստեղ էլ նույն խնդիրն է, ոչ թե գաղափարն է սխալ, այլ կիրառումը: Կրթական համակարգում  եթե հաշվի չառնենք  կոմերցիան, ապա  համակարգը կյանքից կկտրվի:

Ի՞նչ կասեք կրթական ծրագրերի, կիրառվող թեստային համակարգի մասին:

Իմ կարծիքով կրթական ծրագրերը նույնպես ենթակա են վերանայման, որի համար լուրջ ինստիտուտներ են անհրաժեշտ, որոնք պետք է աշխատեն կրթական ծրագրերի հայեցակարգերի մշակման ուղղությամբ:  Երբեմն մեր դասագրքերի հեղինակները գիտնականներ են, որոնք այնպիսի գիտական խորացված թեմաներ են ներառում, որ նշված տարիքում երեխան ընդունակ չէ ըմբռնել:  Համեմատելով արտասահմանյան դպրոցներում կիրառվող դասագրքերի հետ, մեր դասագրքերը շատ են ծանրաբեռնված: Միգուցե սա գալիս է խորհրդային շրջանից, խորհրդային կրթական համակարգը լինելով աշխարհում լավագույներից մեկը, շատ ծանրաբեռնված էր: Գոյություն ունեն նաև արհեստական, տեխնիկական խնդիրներ:

Թեստային համակարգի մեջ, իմ  կարծիքով  կան դրական կողմեր, բայց բացառված չեն բացասական պահերը: Թեստային համակարգը դա գիտություն է,  և այն ինչ հիմա գործում է, կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ, որովհետև մենք իրավունք չունենք թեստային համակարգը վերածել մեխանիկական հիշողության:  Թեստերը պետք է այնպես կազմվեն, որ նյութին չտիրապետելով, հնարավոր չլինի այն լրացնել զուտ մեխանիկական հիշողությամբ: Դասախոսը  չպետք է թեստեր կազմի, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները,  և սխալ է թեստը ինչ որ պարզունակ մի խնդիր դիտարկել:  Թեստային համակարգը  օգտակար է նաև նրանով, որ սուբյեկտիվիզմը կրճատվում է և արդյունքներն ավելի ռեալ ու ճշգրիտ են: Խնդիրն այստեղ նրանում է, թե որքանով են ճիշտ կազմվում թեստերը: Թեստեր կազմելը ոչ թե մեխանիկական աշխատանք է, այլ գիտություն: Մեզ մոտ այս հարցում կա որոշակի առաջընթաց, բայց դեռ շատ անելիքներ ունենք:

Ընդհանուր առմամբ գտնում եմ, որ կրթական համակարգում բարեփոխումները դեռ պետք է շարունակվեն, այո, ունենք բավական դրական քայլեր, դպրոցական, մասնավորապես նախադպրոցական ասպարեզում: Դրան զուգահեռ  լուրջ բարեփոխումների կարիք ունեն բուհական համակարգը, ավագ դպրոցը, պետություն – ԲՈՒՀ հարաբերությունների ոլորտը: Իսկ բարեփոխումներ իրականացնելու համար, պետք է ունենանք՝ ճիշտ ծրագիր ու ֆինանսավորում, արհեստավարժ կադրեր ու ճիշտ վերահսկողություն:  Այս դեպքում կունենանք արդյունավետ կրթական համակարգ:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.