Գլխավոր / Մտքի քարտեզ / ԼՂՀ տարածքն այսօր կազմում է 11 հազ. քառ. կմ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն է օկուպացրել Արցախի տարածքների կեսից ավելին

ԼՂՀ տարածքն այսօր կազմում է 11 հազ. քառ. կմ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն է օկուպացրել Արցախի տարածքների կեսից ավելին

1498151_333354480137879_618257962_oԱդրբեջանն անընդհատ խոսում է հայերի կողմից իր տարածքների օկուպացման մասին և հակամարտության լուծման բանալին տեսնում է այդ տարածքների վերադարձով: Ի՞նչ տարածքների մասին է խոսքը, Ադրբեջան պետությունն ինքը ու՞մ տարածքների վրա է ձևավորվել, որոնք են Արցախի պահանջները, այս և մյուս հարցերի շուրջ ,,Արցախթայմսը,, զրուցել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանի հետ:

Մեզ համար նորություն չէ, որ մեր հարևան, այսպես կոչված, Ադրբեջան պետությունը  անընդհատ տարածքային պահանջներ է ներկայացնում: Նրա այդ նկրտումները ի հայտ են եկել դեռևս այդ պետության կազմավորման ժամանակներից: 1918-20 թթ սկսած, Ադրբեջանը միշտ էլ  տարածքային պահանջներ է ներկայացրել, և դա այն դեպքում, որ 1918 թվականին կազմավորված  հարավ կովկասյան մուսուլմանական հանրապետությունը ի սկզբանե ձևավորվել է  պատմական Հայաստանի տարածքների վրա:  Ուզում եմ նկատենք, որ  այսօրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ միայն տարածքներ չի օկուպացրել, այլ ցավոք սրտի,  մեր հանրապետության տարածքների մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ես այդ մասը բաժանում եմ երկու  հատվածների.  1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա սահմանների մեջ բացի ԼՂԻՄ-ից, ներառված են եղել նաև հայաբնակ  Շահումյանի շրջանը, որի բնակչությունը բռնի տեղահանվել է  1991  թվականի հայտնի դեպքերով ու մինչ օրս օկուպացված է Ադրբեջանի կողմից: Եվ ևս մի հատված ունենք Մարտունու շրջանում, որը նախկին ԼՂԻՄ-ի տարածքում էր: Իսկ առհասարակ անդրադառնալով պատմությանը, պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ 1921 թվականի հուլիսի 5-ին ընդունված որոշումը, իսկ ես կարող եմ միանշանակորեն փաստել, որ այդ որոշումը կայացել է ոչ թե հուլիսի 5-ին Թիֆլիսում, այլ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 1921 թվականի փետրվարի 16-ին Մոսկվայում կնքված ռուս – թուրքական համաձայնագրով, երբ որ Նախիջևանը բռնակցվել է  Ադրբեջանին, Թուրքիայի հեռագնա ծրագիրն էր, որի համար երկար մտածել պետք չէ,: Բավարար է նայել քարտեզին, Նախիջևան, հետո Զանգեզուր, Ղարաբաղ և այսպիսով Թուրքիան կապվում է թուրքական երկրորդ պետությանը: Սա փաստորեն ռազմավարական խնդիր էր Թուրքիայի  համար, և այսօր էլ սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն Թուրքիայի համար օրակարգային հարց է մնացել և փորձում է ամեն կերպ իրականացնել: 1921 թվականին, երբ ամբողջ Ղարաբաղը, այդ թվում և պատմական Ուտիքը բռնակցվեց Ադրբեջանին, տարածքը կազմում էր 25հազ. քառ. կմ., հիմա չանդրադառնանք, թե ինչու է այդ 25 հազարից ԼՂԻՄ-ի մեջ ներառվել 4.400  հազարը, սա շատ տարողունակ թեմա է:  Այնպես, որ պատմական բազմաթիվ փաստեր կան, որոնք խոսում են Արցախի սահմանների մասին: ԼՂՀ տարածքն այսօր կազմում է 11 հազ. քառ. կմ, ինչը նշանակում է, որ  Ադրբեջանն է օկուպացրել Արցախի տարածքների կեսից ավելին:

Մյուս կողմից չպետք է մոռացության տրվի, որ 1991 թվականին, երբ հռչակվեց Ադրբեջանի  Հանրապետությունը, այդ հանրաքվեին չի մասնակցել ԼՂ տարածքի բնակչությունը, հետևաբար, այսօր Ադրբեջանը, ոչ փաստացի, ոչ էլ բարոյապես իրավունք չունի խոսելու տարածքային կորուստների մասին: Հակառակը, տարածքային կորուստներ ունի Արցախը:

         Սովորաբար պատմական փաստերը կաղում են իրավական դաշտում: Ի՞նչ կասեք:

Այո նման ձևակերպումներ լինում են  և հանրահայտ պատճառով, հասկանալի է, որ քաղաքականությունը բոլոր դեպքերում իրականացվում է ուժի դիրքերից և, բնականաբար, նման քաղաքականությունը վարվում է հզոր երկրների միջև ազդեցության ոլորտների բաժանման պայքարում: Ամեն ինչ կախված է պահի հարմարությունից, թե որ գործիքը կօգտագործվի՝ պատմական իրողությունը, թե՞ իրավական ձևակերպումները: Այնպես, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած առումով և մեր ջանքերը ներդնենք ուժեղանալուն: Գոնե մեզ համար պարզ ճշմարտություն է, որ հայրենիքը պահվում է ուժով:

Ադրբեջանն, այո, ի լուր աշխարհի աղաղակում է տարածքային կորուստների մասին, մոռանալով, որ տարածքն այդ կրողն է այնպիսի  ազգային, կրոնական մշակույթի, որը խորթ է Ադրբեջանի ժողովրդին: Շատ են եղել դեպքեր, երբ տարբեր նպատակներով Արցախ ժամանած օտարազգի քաղաքական գործիչները միանգամայն փոխել են իրենց կարծիքը Արցախի մասին: Իսկ ապրիլյան իրադարձությունների ընթացքում մենք նորից բախվեցինք այն իրականությանը, որ մեր պատմությունն ու մշակույթը ուզենք, թե չուզենք քաղաքականացված է:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.