Գլխավոր / Մտքի քարտեզ / Խաղաղությունը կարող է լինել միայն պարտադրելու, հարկադրելու միջոցով

Խաղաղությունը կարող է լինել միայն պարտադրելու, հարկադրելու միջոցով

IMG_6631,,Արցախթայմսի,,  հյուրը ,,Մոդուս Վիվենդի,, կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն է, ում հետ անդրադարձանք տարածաշրջանի վերջին զարգացումներին, հարևան, սահմանակից և ոչ սահմանակից երկրների տարածաշրջանում ունեցած շահերին:

Տարածաշրջանում հնարավոր է՞ դերակատարների փոփոխություն:

Ռուսաստանն, իհարկե, հիմա գտնվում է տնտեսական անկման ճանապարհին, որն անշուշտ իր քաղաքական հետևանքները կունենա, բայց դա  իմ կարծիքով դեռ մեկ տասնամյակ կտևի: Ռուսաստանը ինչքան էլ որ թուլանա,  Հարավային Կովկասում որպես սահմանակից տարածաշրջան, իր ազդեցությունը մեծ է լինելու, նաև որպես իր նախկին, ասենք ԽՍՀՄ տարազով հանդես եկող պետության մաս: Հետևաբար Ռուսաստանը կմնա, բայց մենք կնկատենք այլ խաղացողների ակտիվացում, Չինաստանը կսկսի ավելի ու ավելի մեծ դեր ստանձնել, քանի որ տնտեսական հզորությունը բերելու է քաղաքական ավելի մեծ ներգրավվածության: Մենք դա տեսնում ենք օրինակ Աֆրիկայում: Մյուս կողմից Միացյալ Նահանգները հիմա որդեգրում են ավելի  կոշտ քաղաքականություն Ռուսաստանի դեմ: Իսկ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո, ով որ ընտրվի նախագահ, Թրամպը, թե Քլինտոնը,երկուսն էլ ավելի կոշտ դիրքորոշում կունենան, քան հիմա ունի Օբաման:

Տարածաշրջանում նոր դաշինքների ստեղծում տեսնում ե՞ք, ասենք Հայաստան – Վրաստան – Իրան ձևաչափով:

Դաշինքի ստեղծում հնարավոր չէ, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ավելի արևմտյան կողմնորոշում ունի, դասական հասկացությամբ դաշինք չի կարա լինի, բայց հնարավոր է որոշակի ոլորտներում սերտ համագործակցություն, օրինակ տրանսպորտային միջոցների առումով, երկաթգծին այդքան էլ չեմ հավատում, բայց ասենք ճանապարհային առումով, եթե բարեկարգվի Մեղրիի ճանապարհը մինչև Աշոցք, դա կարա իրողություն դառնա: Իսկ քաղաքական հարցերում, շահագրգռվածություն չեմ տեսնում:Հայաստանն այսօր լրիվությամբ գտնվում է ռուսական ազդեցության տակ: Ներկա պարագայում Ամերիկան կցանկանա, որ Հայաստանը մի փոքր ավելի ինքնուրույն լինի, որովհետև Հայասատանի ինքնուրույնությունը բխում է Ամերիկայի շահերից, որը կնշանակի պակաս կախվածություն Ռուսաստանից:

Հաճախ է խոսվում, որ Իրանը մտահոգված է մեր տարածաշրջանում ստատուս  քվոի փոփոխությամբ, ինչպե՞ս կդիտարկեիք դա Իրանի շահերի տեսանկյունից:

Աշխարհաքաղաքական առումով Իրանին ձեռնտու չէ ստատուս քվոի փոփոխությունը, բայց մենք մի քիչ գերագնահատում ենք Իրանի դերն այն առումով, որ Իրանը պատրաստ կլինի ինչ որ գործողությունների: Լավագույն դեպքում նա կարող է ոչ բացահայտ տեսակետ արտահայտել, որ ցանկալի չէ: Հասկանալի է, որ եթե հարավային շրջանները, ասենք /նախկին Կուբաթլու, Ֆիզուլի Ջեբրայիլ/ վերադարձվում են, կամ զիջում ենք, կամ գրավում են, միանգամից մոտավորապես 137 կմ երկարում է Իրան Ադրբեջան սահմանը, և հաշվի առնելով, որ գետի այս երկու  ափին գրեթե նույնալեզու ժողովուրդ են, Ադրբեջանը որոշ երկրների աջակցությամբ իրականացնում է, թուրքալեզու տարրի ակտիվացում: Այս պարագայում Իրանին դա ձեռնտու չէ: Իրանն այսօր պատրաստակամ է ընդլայնելու կամ սերտացնելու Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը, մենք տեսանք , որ պատրաստակամ են գազի վաճառքը մեծացնել: Նման առաջարկներ էլի կլինեն, բայց ուղղակի ներգրավվածություն, ասենք Իրանը մեր փոխարեն մեր հողերը պաշտպանի, դա չի լինի:

Ստեղծված իրավիճակի լուծումը տեսնո՞ւմ եք խաղաղության պարտադրանքով, ո՞րը պետք է լինի այդ պարտադրանքը:

Ընդհանրապես, շփոթություն կա տերմինաբանության մեջ, հաճախ ասում են խաղաղապահներ և այլն: Խաղաղապահ հնարավոր է այնտեղ, որտեղ կա խաղաղություն, բայց ցավոք սրտի հայ – ադրբեջանական սահմանին դա չկա: Եվ այդ խաղաղությունը կարող է լինել միայն պարտադրելու, հարկադրելու միջոցով: Ադրբեջանը պետք է հարկադրված լինի խաղաղության, նա պետք է հասկանա, որ պատերազմի վերսկսումը այնպիսի զոհերի ու վնասների կբերի, որ  հաջորդ անգամ չհամարձակվի պատերազմ սանձազերծել: Հիմա դա ո՞նց պիտի արվի, կարևորագույն պահերից մեկը, կարծում եմ, Ադրբեջանին զրկելն է նավթի և գազի արտահանումից, դա շատ կարևոր հարց է, քանի որ այդ երկրի հիմնական եկամուտը այդտեղից է: Հետևաբար, չկա փող, չկա զենք: Ոչ ռազմական ուղղով հարցի լուծումը կլինի, եթե կողմերը պատրաստակամություն ու բարյացակամություն ունենան իրար նկատմամբ: Սկսած Բիշկեկից, բոլոր փաստաթղթերը, որտեղ նշվում է հող՝ ինչ որ բանի դիմաց, որ հայկական կողմը նախնական համաձայնություն է տվել,  այդ ամենը ծագել է այն հիմնադրույթից, որ պետք է լինի փոխադարձ վստահություն, որևէ մեկը չի ասել, որ նման ատելության պարագայում դա հնարավոր կլինի: Նախ պետք է Ադրբեջանը ցանկություն ունենա խաղաղ ճանապարհով հարցը լուծել, բայց Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում անգամ կես քայլ: Հակառակը, ադրբեջանական իշխանության հռետորաբանությունը և հասարակության հոգեբանությունը ավելի ռազմատենչ է դառնում տարեցտարի:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.