Գլխավոր / Մտքի քարտեզ / Խնդողնին՝ գլխավոր հաղթաթուղթ

Խնդողնին՝ գլխավոր հաղթաթուղթ

31 Գինեգործությունն Արցախում հարուստ պատմություն ու ձևավորված ավանդույթ ունի, սակայն պատերազմը մեծ վնաս է հասցրել ոլորտին և գինեգործներն այսօր կանգնած են տարատեսակ խնդիրների առաջ: Ոլորտի խնդիրների ու ձեռքբերումների շուրջ խոսեցինք, միա շարք երկրների շուկայում արդեն իր տեղը զբաղեցրած ,,Կատարո,, գինու գործարանի տնօրեն, Գրիգորի Ավետիսյանի հետ:

Ի՞նչ հեռանկարներ ու խնդիրներ ունի գինեգործության ոլորտն Արցախում:

Գինեգործությունը, որպես առանձին մի ոլորտ, Արցախում բավական լուրջ հեռանկարներ ունի, բայց արդյո՞ք հեշտ է Ղարաբաղում գինեգործությամբ զբաղվել, դա արդեն հարց է, քանի որ ոլորտը ներկա դրությամբ պետական լուրջ աջակցության կարիք ունի:  Եվ եթե մարդ ցանկություն ունենա գինեգործությամբ զբաղվելու, ապա պետք է իմանա, որ ինքը գործը սկսելու է զրոից և ամբողջ ծանրությունը լինելու է իր ուսերին:  Խաղողագործության, գինեգործության հարուստ ավանդույթ ունենալով հանդերձ, ոլորտն այսօր բավական մեծ խնդիրներ ունի: Պատերազմը մեծ վնաս է հասցրել, այգիները, գործարանները ավերվել են, դրան գումարած նաև, որ աշխարհում գինեգործական  տեխնոլոգիան մեծ զարգացում է ապրել և այսօր մնալ հին ոճի մեջ, նշանակում է դատապարտվել ձախողման:

Բացի տեխնոլոգիայից, նաև  հումքի խնդիր կա, խաղողայգիները շատ քիչ են: Խաղողագործությունն Արցախում լուրջ վնասներ է կրել և գլոբալ խնդիրների լուծում է ենթադրում: Տնկի արտադրելու հարց կա, որն ամենևին մեր պատկերացրած ձևը՝ ճյուղը կտրել ու տնկի ստանալ չէ, այն նույնպես հատուկ տեխնոլոգիա ունի:  Մենք 2 տարի է զբաղվում ենք ու տարին հազիվ 15 հազար տնկի ենք ստանում:  Իսկ եթե փորձես ամեն ինչ ինքդ անել, այսինքն, այգի հիմնել ու նոր սկսել գինեգործություն, պետք է,  3 տարի տրամադրել այգու մշակմանն ու բերքի ստացմանը, դրանից հետո 2 տարի պետք կլինի գինի ստանալու համար և մի 3 տարի էլ մարկետինգի համար:

Բացի դրանից շուկա ձեռք բերելու հարց ունենք, ասենք մեծ քանակությամբ գինի չենք կարող արտադրել, որովհետև այն վաճառելու խնդիր է առաջանում: Մեր գինեգործները տարվա կտրվածքով մինչև 2 տոննա գինի են կարողանում վաճառել: Այստեղ նույնպես կարևորում եմ պետական աջակցությունը: Եթե պետությունը այս հարցում օգնի գինեգործներին, ներքին շուկայում հարկային որոշակի արտոնություններ սահմանի, արդեն ավելի շատ կարտադրենք, այգիները  անհրաժեշտ կլինի կրկնապատկել:

Ուզում եմ ասել ոլորտը պահանջում է ջանադիր աշխատանք, համբերատարություն, որովհետև դու քո շահույթը սկսելու ես ստանալ վերը նշված ժամանակահատվածից հետո: Բայց մյուս կողմից գինեգործությունը շատ արիստոկրատ ու ազնիվ գործ է:

Ի՞նչ պետք է անել արտաքին շուկայում տեղ գրավելու համար և ,,Կատարոն,, այսօր ո՞ր երկրներում է ներկայացված

Արտաքին շուկա մտնելու և այն գրավելու համար նախ պետք է որակյալ գինի արտադրել, հետո լավ մարկետինգ ապահովել, որ կարողանաս մրցունակ լինել, մանավանդ, երբ նորեկ ես: Մարկետինգը շատ կարևոր է շուկայական հարաբերություններում, ինչը կարծես թե մենթալիտետի հարց է մեզ մոտ, մենք սովոր չենք ներկայացնել, դա մեզ մոտ չի ստացվում:

Կատարո գինին այսօր դուրս է գալիս Անգլիա, Բելգիա, Չեխիա, Մերձբալթիկա, Կանադա իսկ մոտակա ամիսներին միգուցե նաև Ամերիկա:

Մրցունակ է արդյո՞ք Արցախի գինին:

Շուտով ավելի կոնկրետ կկարողանամ պատասխանել: Փետրվարին մեր գինին ուղարկում ենք Գերմանիա, Մունդուս վինի եվրոպական գինու մրցույթին, արդյունքներից պարզ կլինի:  Բայց իմ անձնական կարծիքով Խնդողնու պոտենցիալը Արենիից շատ է և պետք է ասեմ, որ Խնդողնի ոչ ոք չունի, և նրա համը ոչ ոք չի կարող ստանալ, ինչն էլ մեր գլխավոր հաղթաթուղթն է: Մենք իհարկե կարող ենք եվրոպական սորտեր աճեցնել, գինի արտադրել, բայց մենք չենք ստանա այն համն ու որակը ինչ որ Եվրոպայում: Նրանք էլ չեն ունենա մեր Խնդողնու համն ու որակը:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.