Գլխավոր / Մտքի քարտեզ / Կառավարման համակարգի ընտրությունը կախված է երկրի սոցիալ – տնտեսական կայունությունից, քաղաքական համակարգի զարգացվածությունից

Կառավարման համակարգի ընտրությունը կախված է երկրի սոցիալ – տնտեսական կայունությունից, քաղաքական համակարգի զարգացվածությունից

IMG_6274 Այսպես է արտահայտվել  ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը,  ,,Արցախթայմսի,, լրագրողի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այս տարի լրանում է մեր սահմանադրության ընդունման տասներորդ տարին և դա բավարար ժամանակ է,  եզրակացնելու, որ ունենք Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն:  Չնայած դեռ վաղ է հստակ ասել, քանի  որ խորհրդարանական ուժերը  նոր են սկսել քննարկումները:

Երկրի հիմնական օրենքը կարգավորում է երկու կարևորագույն խնդիր. առաջինը՝  մարդու և պետության միջև փոխհարաբերություններն են, իսկ երկրորդը պետական իշխանության ձևավորման ու գործունեության ընթացակարգը: Ինչ վերաբերվում է  գործող Սահմանադրությանը, նշեմ, որ կան հարցեր, որոնք պետք է իրոք վերանայվեն, օրինակ՝ Սահմանադրության երկրորդ գլուխը, որը նվիրված է մարդու իրավունքներին և ազատություններին: Այն ժամանակ, երբ ընդունվել է գործող Սահմանադրությունը, ընդօրինակել ենք խորհրդային միության տարբերակը և առանց այդ իրավունքների դասակարգման, առանց հիմնական իրավունքների տարանջատման, բայց այսօր միջազգային փորձը վկայում է, որ բոլոր հիմնական իրավունքները պետք է տարանջատված լինեն անմիջական գործող իրավունքներից: Կարևորում եմ իրավունքների և ազատությունների սահմանափակման խնդիրը, իհարկե չխախտելով իրավունքի էությունը: Այսօր աշխարհում պահանջվում է, որ ամեն մի իրավունք ունենա իր սահմանափակման հիմքն ու աստիճանը:  Սահմանափակում չպետք է հասկանալ իրավունքի վերացում, ուղղակի իրականացման ծավալներն են կրճատվում և դրանից իրավունքը չի խախտվում:

Կան դրույթներ, որոնք անընդհատ պետք է հասարակական կյանքի հետ զարգանան, մանավանդ հիմա, որ աշխարհը շատ արագ է փոխվում, և այդ փոփոխությունները պետք է արտացոլված լինեն հիմնական օրենքի մեջ: Եթե նախկինում, կարևորվում էր օրենքը, կենտրոնում օրենքն էր, ապա այսօր այն իր տեղը զիճել է մարդուն: Ամեն ինչ պետք է արվի մարդու իրավունքների պաշտպանության ու նրա բարօրության համար, և դա ճիշտ է:

Սահմանադրությունը միևնույն ժամանակ ուղենիշ է, և այն նպատակները,  որ ամրագրված են Սահմանադրությամբ, պետք է ձգտել իրականություն դարձնել:

Ինչ վերաբերվում է ընդհանուր հայեցակարգերին, նախքան որևէ փոփոխություն կատարելը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել ու վերլուծել, հստակ արձանագրելու համար, թե գործող Սահմանադրությունը ինչին է խոչընդոտում, ինչ թերություններ են ի հայտ եկել, ինչ դրույթներ կան, որ չեն գործում:  Կառավարման տարբեր համակարգեր գոյություն ունեն, կառավարման համակարգի ընտրությունը կախված է երկրի սոցիալ – տնտեսական կայունությունից, քաղաքական համակարգի զարգացվածությունից, կուսակցական համակարգի աստիճանից:  Միայն այդ համակարգի առկայությունը բավարար չէ, կուսակցական գործող համակարգը պետք է հաշտարար լինի, կոնսենսուսային բնույթ կրի: Քաղաքական միտքը, քաղաքական մշակույթը անշուշտ պետք է ձևավորվի խորհրդարանում, բայց մյուս կողմից, մենք ունենք Ամերիկայի օրինակը, որը դասական նախագահական երկիր է, որտեղ սակայն խորհրդարանը շատ մեծ դեր ունի և մեծ լիազորություններով է օժտված:

Կառավարման համակարգի փոփոխությունը  երկար գործընթաց է, որի նպատակն է  հասնել ավելի լավ գաղափարների: Ես հիմա ծանոթ չեմ քաղաքական ուժերի դիրքորոշումներին, թե որքանով են նրանք պատրաստ գնալ  սահմանադրական փոփոխությունների, և գտնում եմ, որ բոլոր դեպքերում Սահմանադրությունը հռչակագրային բնույթ չպետք է կրի:

Երկրի քաղաքական ուժերը համապատասխան քննարկումներ կկազմակերպեն և արդյունքում ձևավորված նախագիծը կներկայացնեն  ժողովրդին, վերջին հաշվով որոշում կայացնողը երկրի քաղաքացին է:

Ունե՞նք համապատասխան մասնագետներ, ովքեր աշխատելու են երկրի կարևորագույն փաստաթղթի բարեփոխումների վրա:

Ընդհանրապես, Սահմանադրության դրույթների փոխառություններն ընդունված երևույթ են, ընդօրինակելու մեջ ոչ մի վտանգավոր ու վատ բան չկա: Բայց մենք ունենք այդ ներուժը, իսկ երևան եկած խնդիրների դեպքում կդիմենք նաև  Հայաստանի Հանրապետության մասնագետների օժանդակությանը:  Համագործակցություն բոլոր դեպքերում կլինի:

Հնարավո՞ր է նոր տեքստում քաղաքացիության մասին օրենքի ընդունում:

2016 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսել ենք քաղաքացիության մասին օրենքի ընդունումը, որը շատ կարևոր է, մանավանդ Սահմանադրությամբ էլ ամրագրվում է, թե ով է քաղաքացին, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի:  Օրենքը մշակվել է, բայց այն կատարելագործման կարիք ունի: Նշված խնդրին մի քանի անգամ անդրադարձել ենք, համապատասխան նախագծեր մշակվել են, ուղղակի որոշ նրբություններ կան, օրինակ անձնագրերի շրջանառության հետ կապված: Չնայած մյուս կողմից դրա լուծումն էլ կա,  մենք կարող ենք ունենալ ներքին շրջանառության անձնագրեր, որը ԼՂՀ և ՀՀ միջկառավարական պայմանագրերի միջոցով կգործի, ընդ որում  նաև ՀՀ տարածքում: Քաղաքացիության մասին օրենքը ոչ միայն  իրավական, այլ նաև քաղաքական որոշումների հետ է կապված: Նման օրենք  ընդունելով մենք նաև քաղաքական հարց կլուծենք:

Իսկ հնարավո՞ր է բարեփոխումներից հետո ձևավորվի նաև սահմանադրական դատարան:

Նման առաջարկ եղել է, գործող սահմանադրության ընդունման ժամանակ, ես նույնպես հանձնաժողովի անդամ էի: Գործող Սահմանադրությունն էլ իր հերթին նման մեխանիզմի գործունեության հնարավորություն ընձեռում է, մանավանդ անհատական սահմանադրական գանգատի մասով 114-րդ հոդվածի 2/6 կետով, բայց քաղաքացիները չեն դիմում: Առաջարկվել էր 3 հոգուց բաղկացած մշտական գործող դատարան, իսկ գործերի քննության ժամանակ, ասենք, Ավստրիայի մոդելով, իրավաբանների հրավիրման կարգով գործերը քննել: Բայց գաղափարն այն ժամանակ չընդունվեց: Կարևորում եմ սահմանադրական դատարանի առկայությունը, որի  դերը շատ մեծ է: Ասենք ՀՀ-ում սահմանադրության հայեցակարգը մշակվել է, հիմք ընդունելով սահմանադրական դատարանի անցած տարիների ընթացքում ընդունած որոշումները, բազմաթիվ  գործերի քննության ժամանակ վեր հանված  թերությունները:   ՀՀ-ում իրականացված սահմանադրական վերջին փոփոխությունները ավելի են մեծացրել սահմանադրական դատարանի դերը: Պետք է այստեղ նշեմ, որ  ընդօրինակվել է ԼՂՀ սահմանադրության նորմը՝ յուրաքանչյուր ոք կարող է դիմել սահմանադրական դատարան, եթե իր իրավունքները խախտվել են ոչ թե օրենքով, այլ նորմատիվ ակտերով: Մինչ այդ, քաղաքացին սահմանադրական դատարան կարող էր դիմել, եթե նրա իրավունքները խախտվել են օրենքով:  Ասել է թե, քաղաքացիների համար դաշտն ավելի է ընդլայնվել:

Սահմանադրական դատարանի կարևորությունը կայանում է առավելապես նրանում, որ ապահովում է  սահմանադրության գերակայությունը:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.