Գլխավոր / Մտքի քարտեզ / Հանրությունը պետք է հասնի պատմամշակութային ժառանգության ընկալմանը

Հանրությունը պետք է հասնի պատմամշակութային ժառանգության ընկալմանը

img_6519  Ցանկացած երկրի պատմամշակութային միջավայրը միշտ էլ առանձնակի ուշադրություն է պահանջում, որը բացի այն, որ երկրի այցեքարտն է, առավել ծանրակշիռ պատճառաբանություն ունի` հասնել ապագա սերունդներին: Եվ յուրաքանչյուր սերունդ, լինելով այդ փոխանցող օղակը, պատմամշակութային միջավայրի պահպանության հանձնառություն ունի: ,,Արցախթայմսի,, հետ ոլորտի խնդիրներին անդրադարձել է ԼՂՀ էկոնոմկիայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:

Ի՞նչ  խնդիրներ ունի պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը և արդյո՞ք մեր հանրությունն այսօր պատրաստ է տեր կանգնելու հուշարձաններին, որպես իր սեփականություն:

Հանրության պատրաստվածությանը միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ, և մենք դեռ անելիքներ ունենք այդ ուղղությամբ, քանի որ հանրության մոտ մեծամասամբ բացակայում է մշակութային ժառանգության լիարժեք ընկալումը, որն արտահայտվում է ամենատարբեր երևույթների տեսքով, սկսած հուշարձանի շրջակայքի աղտոտումից մինչև քանդում:    Այստեղ մենք գործ ունենք նաև տեղեկացվածության բարձրացման հարցի և, իհարկե, տեղական իշխանությունների մակարդակով  հուշարձանների պահպանության վերաբերյալ օրենքների իմացության ու կիրառման հետ:  Հաջորդ խնդիրը ֆինանսավորման հարցն է, ցավոք մենք զրկված ենք միջազգային կառույցների ֆինանսական աջակցությունից և փաստորեն ոլորտի նյութա – ֆինանսական ծանրությունն ամբողջովին ընկած է պետական բյուջեի վրա:   Բնականաբար, ոչ մի բյուջե չի կարող բավարար չափով ապահովել ոլորտի ֆինանսավորումը:  Ամեն դեպքում ձգտում ենք եղած հնարավորությունների շրջանակներում առավելագույնը  կատարել: Փորձում ենք նաև մասնավոր միջոցների ներդրումն ապահովել պատմամշակութային հուշարձանների ոլորտի վրա, ցավոք դա միայն հաջողվում է  վերանորոգման ասպարեզում և հուշարձանի ուսումնասիրման, հետազոտման առումով, դեռ դեպքեր չեն գրանցվել: Ունենք փայլուն օրինակներ, Արևելյան ժառանգության պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված Մուշկապատի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որն ամբողջությամբ ավարտվել է այս տարի, Շուշիի պարսկական մզկիթի նախագծման  աշխատանքների ֆինանսավորումը  այդ նույն հիմնադրամի կողմից:  Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են և բավականին, գրեթե պետական բյուջեի չափ գումարներ են ներդրվել:  Այստեղ անհրաժեշտ եմ համարում խոսել նաև եկեղեցի և բարերարներ փոխհարաբերությունների մասին, որոնց արդյունքում մենք ունենում ենք հուշարձանների վերականգնման աշխատանքներ, օրինակի համար Դադիվանքում: Այստեղ նույնպես խնդիր ունենք, որը կայանում է նրանում, որ վանական համալիրն օգտագործողները  ձգտում են արագ իրականացնել աշխատանքները ու երբեմն փորձում են դա անել առանց պատշաճ նախագծման աշխատանքների, որը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:  Դադիվանքի պահպանման և վերականգնման աշխատանքներ մենք սկսեցինք պետական միջոցներով և ավարտեցինք նվիրատվություններով: Այսօր ամբողջովին վերականգնված են Դադիվանքի որմնանկարները և մատուռների վերականգնման աշխատանքներ են ընթանում, ինչն անշուշտ շատ դրական երևույթ է, բայց այստեղ ևս պետք է հավասարակշռությունը պահել   ցանկությունների  և գիտական վերականգնման անհրաժեշտության միջև:  Բարերարի միջոցներով այս տարի ավարտվել են նաև Կատարո վանքի վերանորոգման աշխատանքները:

Բավարար ե՞ք գնահատում կապը մասնավոր հատվածի, որը ցանկություն ունի ներդրումներ կատարել ոլորտում և գերատեսչության միջև կապը:

Լիազորված մարմինը զանազան կայքերով, սոցիալական ցանցերով   փորձում է հասանելի դարձնել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն  հուշարձանների պահպանության ոլորտում, բայց միշտ չէ որ մասնավոր հատվածը, կամ տեղական իշխանությունները  ճիշտ ու ըստ անհրաժեշտության են ընկալում հարցերը լիազորված մարմնին կամ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությանը հասցնելու անհրաժեշտությունը, ինչը նորից գալիս է տեղեկացվածության պակասից և հուշարձանները որպես հանրային սեփականություն ընկալումից: Ունենք առանձին դեպքեր, երբ համայնքը դիմում է մեզ բարերարների միջոցով մասնակի վերանորոգումներ կատարելու տեղի եկեղեցիներում և գերատեսչությունը հարկ եղած աջակցությունն է ցուցաբերում: Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ ցանկացած բարի ցանկություն, միշտ չէ, որ կարող է նույնքան բարի ավարտ ունենալ, ասել կուզեմ, որ հուշարձանների պահպանությունն ինքը շատ բարդ ու զգայուն խնդիր է, որը պահանջում է մասնագիտական մոտեցում

Ի՞նչ ուղիներ եք տեսնում այդ ընկալման բարձրացման համար:

Դա  ընդհանուր գործընթաց է և մշակութային արժեքների արժեզրկման հետևանք ու մենակ մենք այդ հարցի լուծումը չենք կարող տալ: Ըդհանրապես, մարդկանց արժեհամակարգը պետք է փոխվի, վերականգնվի այն արժեհամակարգը, որը բնորոշ էր հայ ժողովրդին դարեր շարունակ:  Իսկ վերականգնման առաջամարտիկը նախ և առաջ պետությունը ու մտավորականությունն է: Այդ երկուսի համատեղ ջանքերով պետք է հարցերին լուծում տրվի: Այստեղ ես շատ կարևորում եմ նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնց մեջ առանձնահատուկ դերակատարություն ունի հեռուստատեսությունը:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.