Գլխավոր / Մտքի քարտեզ / Հնագիտական հետախուզում` Նոր Կարմիրավան գյուղի տարածքում

Հնագիտական հետախուզում` Նոր Կարմիրավան գյուղի տարածքում

15392998_1327353890640292_6108834337757827471_o Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հայտնաբերված մարդակերպ կոթողների /որին մենք անդրադարձել էինք/ մերձակայքում ,,Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն,, ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հետախուզական հնագիտական աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքների մասին ,,Արցախթայմսի,, թղթակիցը խոսել է հնագետ Նժդեհ Երանյանի հետ:

Ի՞նչ նոր գույներ են բերում այս գտածոնները  հնագիտական միջավայր:

Այս կոթողների ուսումնասիրության կարևորությունը ոչ միայն Արցախի մշակույթի  ու հնագիտության համար է` պատմության ուսումնասիրության հարցում, այլև այս կոթողների բերած նորույթը մեծ նշանակություն կունենա ողջ Կովկասի և առհասարակ Առաջավոր Ասիայի հնագիտության ասպարեզում և կարծում եմ, որ մենք օբյեկտիվորեն քննելով նյութը և ներկայացնելով ոչ միայն կբարձրացնենք Արցախի գիտության հարգը, այլ նաև Առաջավոր Ասիայով և Կովկասով հետաքրքրվողների ուշադրությունը կսևեռենք Արցախի վրա: Որովհետև այս տարածքները մեկուսացված չեն եղել և անընդհատ մշակութային կապի մեջ են եղել, որը բնականաբար նաև իր հետքն է թողել մեր տարածաշրջանում, և որի արդյունքն են նաև այս կոթողները:

Նյութի մանրամասն ու օբյեկտիվ ուսումնասիրությունը թույլ է տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Պատմական Հայաստանի Արցախ և Ուտիք նահանգներով է անցել Իրանը Հյուսիսային Կովկասին կապող ճանապարհներից մեկը, որն ուներ կարևորագույն տնտեսական ու մշակութային նշանակություն:

Ի՞նչ կարող եք ասել իրականացված աշխատանքների մասին և ի՞նչ պատկերացում կարող ենք կազմել  մշակութային շերտի, թվագրման վերաբերյալ:

Աշխատանքներն իրականացվել են երկու հիմնական պեղավայրերում. Կոթողների շրջակայքում և դրանցից 150-200 մետր հեռավորության վրա, դեպի հս- արևելք, որտեղ 2000 թվականին ջրանցք էր փորվել:  Ջրանցքի հատակին փոքրիկ սափոր էր գտնվել, որը թվագրվում է մ.թ.ա. 7-5րդ դարերով և նշված նյութի արձանագրումից հետո որոշվեց հետախուզական աշխատանքներ կատարել: Արդյունքում հիմնահողային թաղում բացվեց, որտեղ հայտնաբերվել են  մի շարք անոթներ, ուլունքներ, որոնք  թվագրվում են  մ.թ.ա. 9 -7-րդ դարերով: Կոթողների շրջակայքում հնագիտական գտածոներ, որպես այդպիսին չեն հայտնաբերվել, բայց հետախուզական պեղումների արդյունքում  կարող ենք վավերացնել, որ այդտեղ մշակութային շերտ կա:  Բացվել է  կրաշաղախի նման զանգվածով  ինչ որ հարթակ, կլոր հատակագիծ ունեցող քարերի շարք, սակայն թե իրականում ի՞նչ է սա, ցույց կտան հետագա աշխատանքները: Դեռ վաղ է ինչ որ կոնկրետ եզրակացություններ անել, դա կարվի ավելի լայն հնագիտական պեղումներից հետո, սակայն կարող ենք ենթադրել, որ կոթողները իրենց նախնական տեղում են ու հետագա հնագիտական պեղումները թույլ կտան վավերացնել այդ միջավայրը ըստ հստակ ժամանակաշրջանի:

Նման կոթողները, որ տարածված են ողջ Առաջավոր Ասիայի տափաստաններում, ծառայեցվել են, որպես մահարձաններ ու կանգնեցվել դամբարանների վրա:  Արցախում հայտնաբերված նմանատիպ կոթողներից և ոչ մեկը դեռ իր նախնական դիրքում չէր գտնվել, այն տեղաշարժված էր, իսկ ասենք, Հյուսիսային Կովկասում հայտնաբերված կոթողների 70 տոկոսը կանգնեցման տեղում են և գտնվում են դամբարանի վրա, որն էլ թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մահարձաններ են:

Արցախում նման կոթողների մեկ այլ կուտակում, հայտնաբերվել էր 1970-ական թվականներին, Մարտակերտից ոչ հեռու, մոտ 3 կմ հյս- արևելք գտնվող Բախշու  թեփե տեղավայրում, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ , շուրջ 8 կոթող, որը սակայն հնագիտորեն չի վավերացվել և դժվար է հստակ պատկերացում կազմել մշակութային շերտի և ժամանակաշրջանի վերաբերյալ:

Անդրադառնանք մի փոքր կոթողների քանդակներին:

Կոթողների քանդակները հիմնականում երկու տիպի են և քանդակված են երկու մասից` դիմամասից ու հետնամասից:  Դիմամասին քանդակվում էր դեմքը, իրանի հատվածը ձեռքերը ծալված, պարզած դեպի վեր և ներքնամասը, ուղղակի հողի մեջ խրելու համար:  Առաջին խմբի հիմնական դետալներն են, աչքերը և քիթը փորված հետնամասով, մյուս տարբերակի համաձայն, պահվում է դեմքի ընդհանուր մակերեսը ակոսավոր քանդակման միջոցով, պատկերվում էր միայն քիթը, գուցե քանդակողը նկատի է ունեցել, որ աչքերը փակված վիճակում են: Կարծում ենք սա ավելի վաղ շրջանի է վերաբերվում, քան կոթողների մյուս տիպը: Կոթողների գրեթե մեծ մասի հետնամասում պատկերվում էր, դարձյալ ետնախորքի հեռացման միջոցով, մեջքին փռված մազերը, ծածկված ինչ որ գլխաշորով, կամ միգուցե կաշվե պաշտպանիչ միջոցով:

Գլխաշորով ծածկված մազերի վրա, որոշ կոթողների մոտ հանդիպում ենք նաև  պատյանի մեջ դրված դաշույնի պատկերում ևս, որը շատ հետաքրքիր է  և առանձին քննության թեմա:

Ձեր նախորդ նյութը, որը լայն արձագանք էր ստացել հայկական զլմներում, դարձյալ անհանգստության առիթ էր դարձել հարևան երկրում, ովքեր շտապեցին մեզ մեղադրել թյուրքական մշակույթի յուրացման մեջ, ի՞նչ կասեք այս մասին:

Շատ երկար չեմ մեկնաբանի, ուղղակի նշեմ որ շատ տարօրինակ ու զավեշտալի էր, որ ներկայացված նյութին արձագանքել են ոչ թե Ադրբեջանի ակադեմիայի և առհասարակ գիտնականներն ու  հնագետները, այլ Կովկաս ինստիտուտի տնօրենը, կառույց, որը զբաղվում է քաղաքական խնդիրներով, այլ ոչ թե մշակութային հարցերով: Իսկ խոսելով առհասարակ ադրբեջանցի մասնագետների արձագանքների մասին, այս և այլ նյութերի վերաբերյալ, պետք է նշեմ, որ այդ երկրում անընդհատ ինքնության փնտրտուքի հարց է դրվում: Երբ որ 70-80-ական թվականներին նրանք իրենց ինքնությունը փորձում էին կապել աղվանական տեսության հետ, կոթողներին անդրադարձած մի հնագետ Մուբարզ Խալիլովը կոթողները կապում էր աղվանական մշակույթի հետ, այդ դեպքում որտե՞ղ է նրանց մեկնաբանությունը: Հիմա էլ ինքնության փնտրտուքի ասպարեզում հասել են թյուրքական տեսությանը: Այսինքն Ադրբեջանում ամեն ինչ հայտնի չափով քաղաքականացված է և ծառայում է քաղաքականությանը: Առնվազը ծիծաղելի է 1-ին հազարամյակով թվագրվող   մշակույթը վերագրել ինչ որ թյուրքական ցեղի:

Ես կարծում եմ, որ կայացած Արցախի Հանրապետությունը ենթադրում է նաև կայացած գիտություն ու գիտական ապարատ: Ու մենք ընդունում ենք մշակույթը այնպես, ինչպես որ այն կա ու չենք քաղաքականացնում:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.