Գլխավոր / Մտքի քարտեզ / Մեր աշխարհագրական դիրքը մեզ միշտ պահանջված դաշնակցի դերում կպահի

Մեր աշխարհագրական դիրքը մեզ միշտ պահանջված դաշնակցի դերում կպահի

IMG_6435Այսօր մենք պետք է օրակարգի հարց դարձնենք ԻրանԱրցախ հարաբերությունները, որը 90-ական թվականներին բավական լավ մակարդակի վրա էր ու ցավոք սրտի մեր թույլ աշխատանքի արդյունքում այդ էջը փակվեց, բայց պարտավոր ենք կրկին հասնել հարաբերությունների նախկին մակարդակին: Այսպես է կարծում ԼՂՀ   ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ով ,,Արցախթայմսի,,  թղթակցի հետ զրուցել է տարածաշրջանային զարգացումների շուրջ:

 

Հայոց երկիրը մի այնպիսի աշխարհագրական միջավայրում է գտնվում, որտեղ մշտապես շիկացած մթնոլորտ է եղել: Այսօր էլ ականատես ենք այնպիսի իրադարձությունների, թե Հայաստանի անմիջապես հարակից երկրներում, թե նրանից ոչ շատ հեռու գտնվող, ասենք Սիրիայում, Ուկրաինայում, որի նկատմամբ  հայկական զույգ պետությունները անտարբեր լինել չեն կարող, քանի որ այդ զարգացումները, այս կամ այն ձևով, առնչվում են մեր երկրներին: Սիրիայի իրադարձությունները սոսկ արաբ ժողովրդի խնդիրը չէ,  Մերձավոր Արևելքի այս հատվածում բախվել են տարբեր՝ կայսերապաշտական, ծավալապաշտական նկրտումներով երկրների՝ տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը, որոնք ըստ էության, փորձում են ազդեցության նոր գոտիներ ձևավորել:  ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանը փորձում է չկորցնել այն ամենն, ինչ ժամանակին գտնվում էր իր ազդեցության ոլորտում:  Այդ առումով Մերձավոր Արևելքը կարևոր տարածաշրջան է՝ արևելքը արևմուտքին կապող կարևոր օղակ: Ցավոք սրտի այս ընդհարումներում՝ քաղաքացիական պատերազմ, գերտերությունների ակտիվ միջամտություն, կործանվեց Մերձավոր Արևելքի  ամենածաղկուն երկրներից, ամենահին քաղաքակրթություններից մեկը: Սիրիան այն երկիրն է, որի հետ Հայաստանը ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի, բացի դրանից  մենք այնտեղ  ունեինք բավական մեծ ու կազմակերպված հայ համայնք, որը ստիպված նորից գաղթական դարձավ: Ստեղծված իրավիճակում հայկական զույգ պետությունները պարտավոր են  հնարավորությունների սահմաններում օժանդակել փախստականներին՝ տեղավորվելու հայրենիքում: Դրա անհրաժեշտությունը, թե նրանք ունեն, և թե մենք:  Վտանգավոր պահը, որ անմիջապես առնչվում է մեր երկրին, դա հնարավոր կոշտ զարգացումներն են:  Ճիշտ է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի համաձայնություններ կան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ, բայց թերահավատ եմ, որովհետև շահերի բախումներն այստեղ շատ են. Ռուսաստան – Թուրքիա, Ռուսաստան – Միացյալ Նահանգներ, Ռուսաստան – եվրոպական երկրներ, Իրան – Թուրքիա, Իրան – Արաբական երկրներ  և այլն: Չպետք է անտեսել նաև կրոնական հարցը, մահմեդական կրոնի երկու ճյուղերի՝ շիաների և սյունիների պայքարը:  Նկատելի է, որ Թուրքիան և Պարսկաստանը ձգտում են մահմեդական  աշխարհում թելադրողի դերակատարություն ունենալ: Չնայած այս պահին այդ հակամարտությունը  ընդգծված չէ, բայց այն կա: Դրան գումարած նաև  էներգետիկ հիմնախնդիրը, Սիրայի կարգավիճակի հարցը:   Իմ կարծիքով դեռ կլինեն  նոր զարգացումներ, մանավանդ Ռուսաստան – Թուրքիա հարաբերություններում: Ռուսաստանի քաղաքականությունն այսօր ուղղված է Թուրքիային պատժելուն, իսկ դրա համար ամենալավ գործիքը քրդական հարցն է: Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը պետք է հովանավորի Թուրքիայի սահմանով ձգվող ինքնավարության ձգտող քրդական միավորին: Չպետք է բացառել նաև, որ Ռուսաստանը կարող է գնալ Սիրիայի, Իրաքի այս հատվածում  քրդական պետություն ձևավորելու քայլին, որն էլ իր թևերը կտարածի նաև Թուրքիայի տարածքում, այդ պետությունը տրոհելու նպատակով:  :

Այս ամենն անշուշտ իր ազդեցությունն ունի հայկական զույգ պետությունների վրա և մեզ համար ձեռնտու չէ տարածաշրջանի խառնակ իրավիճակը: Մանավանդ, որ ռուսական ռազմաբազանները գտնվում են Հայաստանի տարածքում, ինչքան էլ ձգտենք չեզոք լինել, այդուհանդերձ, անմասն չենք կարող մնալ:  Իսկ կռվող կողմերը ինչքան շատանան, դրանից լավ բան չենք կարող սպասել, վառ օրինակները առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները:

Ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի կողմից հայկական հողերի բռնազավթման ու Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելու մասին Ռուսաստանի տարբեր քաղաքական գործիչների  հայտարարություններին,

Հայկական դիվանագիտական միտքը որոշակի հասունացման շրջան է ապրել և չի կարող խաբվել նման այսրոպեական զարգացումներով:  Մոսկվայի պայմանագիրն ինքն իր մեջ պարունակում է ոչ միայն  տարածքային հարց, այլ նաև Թուրքիայի լինել – չլինելու հարցը, ուստի  ռուսները պատահական չէ, որ նման հարց են առաջ քաշում: Եթե հղում անենք պատմությանը, կտեսնենք, որ Մոսկվայի պայմանագրով Թուրքիան նորից ոտքի կանգնեց:  Եթե Սևրի պայմանագիրը նախատեսում էր Թուրքիայի մասնատում, ապա Մոսկվայի պայմանագիրը լրիվ հակառակն էր:  Սա ընդամենը Ռուսաստանի կողմից  Թուրքիային զսպող քայլ է:  Մյուս կողմից, Մոսկվայի պայմանագիրը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի համար ու ինձ չի թվում, որ ռուսները ակտիվ կգնան այդ քայլին: Ռուսաստանին ձեռնտու չէ նոր ճակատի բացումը, մանավանդ, որ Թուրքիան բավականին լուրջ ռեսուրսներ ունեցող պետություն է:  Մի կողմից մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, ապացուցելու համար, որ Մոսկվայի պայմանագիրն ինքնին անօրինական է, քանի որ կնքվել է միջազգային հանրության կողմից չճանաչված երկու սուբյեկտների՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, մյուս կողմից, ներկա իրավիճակում մենք պետք է ականատեսի դերում լինենք և սպասենք հետագա զարգացումներին:

Իրանի ապաշրջափակումը ի՞նչ հեռանկարներ է բացում հայկական աշխարհի համար, և արդյո՞ք ճիշտ է մտածելոր մենք դադարում ենք  Իրանի համար հետաքրքրություն ներկայացնել:

Դա կախված է մեզանից, թե ինչպես ենք մեզ դրսևորելու և մեր տնտեսական կյանքը ինչպես ենք կառուցելու: Անդրադառնալով Իրան _ Հայաստան երկաթգծի կառուցմանը, հարկ է նշել, որ եթե այն պետք        է  հասնի  Հայաստան ու դրանով ավարտվի, իհարկե Իրանը շահագրգիռ չի լինի միլիոնավոր ներդրումներ կատարել, որը համապատասխան ապրանքաշրջանառություն չի ապահովելու, բայց եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, բնական է, որ շահագրգռվածություն կլինի:  Ես կարծում եմ, ներկա պահին դեռ կա այդ շահագրգռվածությունը և Աստարա – Ռեշտ – Աստարա երկաթգիծը դուրս չի մղում Իրան – Հայաստան երկաթգծի անհրաժեշտությունը: Մենք Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մեծ շահեր ունենք: Տարածաշրջանում, կարծես թե, հստակ երևում է նոր ռազմա- քաղաքական  բլոկների ձևավորում, Իրան -Հայաստան – Ռուսաստան  և մյուս կողմից Թուրքիա – ՆԱՏՈ, վերջինիս հարմար պահի կարող են միանալ նաև Վրաստանն ու Ադրբեջանը:  Ռազմաքաղաքական այս միավորների ձևավորումը իր հետ բերում է մյուս հետևանքները: Անշուշտ, Իրանի համար նոր հեռանկարներ է բացվում  համաշխարհային շուկա ինտեգրվելու, իր տնտեսական հարցերը լուծելու համար: Մենք փոքր երկիր լինելով, կարող է շատ մեծ նշանակություն չունենանք այս հարցում, բայց  Իրանի դիվանագիտական միտքը չեմ կարծում, թե թույլ կտա կորցնել իր վստահելի դաշնակիցներից մեկին: Բավական մեծ վստահություն է ձևավորվել մեր երկու երկների միջև վերջին տարիների ընթացքում:

Իսկ այդ համատեքստում Արցախն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ:

Այսօր մենք պետք է օրակարգի հարց դարձնենք Իրան – Արցախ հարաբերությունները, որը 90-ական թվականներին բավական լավ մակարդակի վրա էր ու ցավոք սրտի մեր թույլ աշխատանքի արդյունքում այդ էջը փակվեց, բայց պարտավոր ենք կրկին հասնել հարաբերությունների նախկին մակարդակին: Իսկ համագործակցության համար ունենք տարբեր բնագավառներ՝ էներգետիկա, տարանցիկ ճանապարհ, գյուղատնտեսություն, մանավանդ, այս վերջին ոլորտը պետք ակտիվացնել: Մենք մեր ռեսուրսներն այս բնագավառում, բավարար չենք օգտագործում:

Ադրբեջանը որքանո՞վ կարող է խանգարել դրան:

Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում մենք չպետք է մոռանանք կրոնի պարագան:  Վերջիվերջո, Իրանը լինելով կրոնապետություն, իսկ Ադրբեջանն էլ շիա դավանող, գործոնը  հարաբերությունների վրա իր ազդեցությունը կունենա: Մյուս կողմից էլ, այս երկու երկրների միջև տարածքային խնդիր գոյություն ունի, որը գերակշռում է առաջինին: Խոսքը վերաբերվում է իրանական Ատրպատականի նկատմամբ Ադրբեջանի հավակնությանը: Ադրբեջանն այո ամեն ինչ անում է Հայաստանի նկատմամբ շրջափակման օղակը նեղացնելու, բայց մենք էլ պետք է հակընդեմ քայլեր կատարենք, և կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից ու գոյություն ունեցող հանգամանքներից:

Չմոռանանք նաև Հայաստան – Իրան- Ռուսաստան հարաբերությունների մասին: Մեր աշխարհագրական դիրքը մեզ միշտ պահանջված դաշնակցի  դերում կպահի: Իսկ  ԱՄՆ- Իրան հարաբերությունների վերջին զարգացումներով  մեզ համար լուծվել է մի շատ կարևոր հարց, մեր անվտանգության հարցը: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակում կհայտնվեինք, եթե Իրանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվեր ԱՄՆ-ի հետ:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.