Գլխավոր / Մտքի քարտեզ / Նորմալ ու անվտանգ պայմանների առկայությունը թալիշցիներին տուն կբերի

Նորմալ ու անվտանգ պայմանների առկայությունը թալիշցիներին տուն կբերի

sequence-02-01_14_21_24 Հանրության մոտ ամենաշրջանառվող թեման Թալիշի վերաբնակեցման հարցն է այսօր, ի՞նչ է լինելու հիրավի մեր հյուսիսային դարպասի ճակատագիրը, ի՞նչ է սպասվում, ,,Արցախթայմսի,, հետ կիսվել է Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը:

Ի՞նչ աշխատանքներ են ընթանում այս պահին գյուղում և արդյո՞ք ունենք առաջին բնակիչները:

Այսօր Թալիշում ապրում են շուրջ 10-12 հոգի, հիմնականում նրանք, ովքեր մշտական աշխատանքով ապահովված չեն և նրանք  ըստ մասնագիտության կընդգրկվեն գյուղում ընթացող շինարարական աշխատանքներում, ունենք նախկին ազատամարտիկներ, որոնք ըստ ցանկության կընդգրկվեն պաշտպանության բանակում: Թալիշում օրերս մեկնարկել են շինարարական աշխատանքները, որոշ աշխատանքներ իրականացնելուց և ձմեռային ցրտերն անցնելուց հետո, նոր կանդրադառնանք վերաբնակեցման խնդրին: Այս պահին սկսված են դպրոցական շենքի վերականգնողական աշխատանքները, որը նախկին հիվանդանոցի շենքն է: Կկառուցվի գյուղապետարանի շենքը, կվերականգնվի նաև հանդիսությունների սրահը, հետագայում կանդրադառնանք նաև մանկապարտեզի շենքի կառուցմանը, որը ծրագրով նախատեսված է, նախագծային աշխատանքները կատարված: Նոր  թաղամասերի կառուցման նախագիծ է մշակվում, նոր շենքեր են կառուցվելու, զուգահեռ վերականգնվելու է նաև նախկին ֆոնդը:

Ի՞նչ է սպասվում ՀՀում ապրող թալիշցիներին, ունե՞ք հստակ պատկեր, թե քանի՞ ընտանիք է պատրաստ վերադառնալ Թալիշ:

Միանշանակ չեմ կարող ասել, բայց մի բան փաստ է, որ կան ցանկացողներ: Պարզ է նաև, որ ստիպողաբար ոչինչ չի լինելու, վերադարձը լինելու է կամավորության հիմքով և այս պարագայում ամենճիշտը նորմալ պայմաններ ստեղծելն է, որպեսզի բնակչի մոտ ցանկություն առաջանա վերադառնալ: Յուրաքանչյուր ոք պետք է առաջնորդվի իր սրտի, իր հոգու թելադրանքով:

Ի ուրախություն մեզ, ասեմ, որ այսօր Ղարաբաղում ապրում են շուրջ 270 թալիշցի, ի համեմատ ապրիլ ամսվա, երբ այդ թիվը կազմում էր 130, դրանք շուրջ 70 ընտանիք են, կամ ընտանիքի անդամներ: Այս պահի դրությամբ շարունակվում է հայրենադարձության գործընթացը: Այսօրվա դրությամբ Ալաշանում կա 32 ընտանիք, 134 բնակիչ: Դպրոցը գործում է, դասավանդում է մեր գյուղի ուսուցչական կոլեկտիվը նույն կազմով:  Ուղղակի այնտեղ էլ տեղ չկա, թե չէ  նոր ընտանիքիներ կընդունենք:

Առաջիկայում այստեղ տեղադրվելու են ևս 20 տնակներ, որոնք նույնպես կբնակեցվեն: Ունենք օրինակներ, որ ընտանիքի հայրն է վերադարձել, ընտանիքը դեռ Հայաստանի Հանրապետությունում է: Օրերս Չարենցավանից ընդունել ենք մեկ ընտանիք, առաջիկա 2 օրը Արարատի շրջանից կընդունենք ևս մեկը և այլն: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք Թալիշում, որ դրսում բնակվողների մոտ ցանկություն առաջանա վերադառնալու:

Թալիշցիների վերադարձի համար, ո՞րն է համոզիչ փաստարկը:

Թալիշցուն համոզել պետք չէ, նրանք ովքեր ցանկություն կհայտնեն վերադառնալ, նրանց համար կստեղծվեն նորմալ ու բարենպաստ պայմաններ, արտոնություններ: Ճիշտ է, այս պահին դեռ արտոնությունների վերաբերյալ հստակ բան ասել դժվար է, բայց, որ պետք է լինեն դրանք՝  միանշանակ է: Առհասարակ, ես կարծում եմ, որ Թալիշին պետք է տրվի հատուկ կարգավիճակ: Նորմալ ու անվտանգ պայմանների առկայությունը կլինի հենց այն համոզիչ փաստարկը, որը թալիշցիներին տուն կբերի:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.