Գլխավոր / Մտքի քարտեզ / Որևէ ռազմական բախում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պետք է բացառել

Որևէ ռազմական բախում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պետք է բացառել

Vahram-Atanesyan-08-09-15Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը ռուս – թուրքական հարաբերությունների զարգացման հետ կապված ,,Մեդիատանը,, տված հարցազրույցում: Քաղաքագետը բացառել է նաև իրավական հարաբերությունների վերանայման գաղափարը երկու երկրների միջև:

-Պայմանագրերը մնալու են ուժի մեջ, ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի: Ռուսաստանը որևէ արտառոց քայլի չի գնալու: Հնարավոր են որոշակի առևտրա-տնտեսական հարաբերությունների վերանայում, բայց այստեղ էլ խնդիրը, ինչպես ասում են, հիսուն հիսուն է: Այսօր Ռուսաստանն ապահովում է թուրքական գազի 40 տոկոսը, ինչը, բնականաբար, մեծ գումար է Ռուսաստանի համար, հետևաբար Թուրքիան էներգետիկ բլոկադայի չի ենթարկվելու, եթե հաշվի առնենք նաև, որ Թուրքիան էլ իր հերթին պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի: Բավարար է միայն այն փաստը, որ Թուրքիան կարող է ռուսական ծովային տրանսպորտի համար փակել Բոսֆոր – Դարդանել նեղուցները, ինչն իր հերթին, հսկայական սպառնալիք է ռուսական էկոնոմիկայի, ռազմական հզորության համար: Այնպես որ, կողմերը պայմանավորվածության են գալու, որոնք կարող են այս պահին չհրապարակվել հասարակական կարծիքի ներկա ֆոնի վրա: Բայց այնպիսի լարվածություն, որ կարող է հավասարակշռություն փոխել, այդ թվում նաև մեր տարածաշրջանում, կարծում եմ, պետք է բացառել: Տնտեսական առումով երկուստեք կգնան որոշակի հռետորաբանության, բայց լուրջ տնտեսական գործարքներում, կողմերը միմյանց վնասելու քայլեր չեն անելու, քանզի դա ցավալի կլինի երկու կողմերի համար: Ռուսաստանն այսօր սահմանափակում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա, հաշվի առնելով, որ ակտիվ զբոսաշրջային սեզոն չէ, այն դժվար Թուրքիայի տնտեսությանը մեծ հարված հասցնի:

– Այդ դեպքում, ինչի՞ համար է այս բեմականացումը:

-Ըստ էության խնդիրը շատ պարզ է, և այն իր ձևակերպումը ստացել է էրդողանի կողմից: Դա Սիրիայի հյուսիսի միջերկրածովյան առափնյակի վրա թուրքական վերահսկողության չեզոքացման փորձն է Ռուսաստանի կողմից: Ըստ թուրքական մեկնաբանության, եթե այդ հատվածը թուրքական ազդեցությունից դուրս է գալիս, ապա անխուսափելի է դառնում դեպի Միջերկրական ծով ելքով սիրիական Քուրդիստանի հռչակումը, որը համանմանությամբ կարող է բերել նաև թուրքական Քուրդիստանի ստեղծման: Սա ավելի շուտ քաղաքական աստառ է: Ըստ երևույթին, խնդրի էությունը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի անդրկուլիսյան պայմանավորվածությունն է, Միջերկրական ծովի հատակով դեպի Եվրոպա գազամուղ կառուցելու շուրջ, ինչը կզրկի Ռուսաստանին Եվրոպայի էներգետիկ շուկա ելքից: Ինչն արդեն ստրատեգիական հարված է Ռուսաստանին, որովհետև Եվրոպայի շուկայում Ռուսաստանի էներգետիկ ներկայությունը չի
սահմանափակվում միայն տնտեսական գործոնով, այն նաև հսկայական ռազմաքաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական կշիռ ունի: Եվ եթե այսօր, Ռուսաստանը, կոպիտ ասած, մաքրում է այդ գոտին էթնիկ թուրքմեններից և տարածքը վերադարձնում է սիրիական իշխանությունների վերահսկողությանը, ապա այդ ծրագիրը դառնում է անաշխատունակ: Վաղը, Բաշար Ասադից հետո ձևավորված իշխանությունները կարող են ողջունել այդ ծրագիրը, բայց այդ դեպքում Ռուսաստանը խնդիր կունենա արդեն Սիրիայի իշխող վարչակարգի հետ, դրա համար էլ Ռուսաստանը մտադիր է այնպիսի ներկայություն հաստատել Սիրիայում, որը թույլ կտա նախ իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում, իր տնտեսական հետաքրքրությունների պաշտպանվածությունը Եվրոպայում և կկանխի իսլամական արմատականության տարածումը Ռուսաստանի տարածքում: Պատկերավոր ասած, Ռուսաստանն այսօր Սիրիայում
պաշտպանում է Հվ. Կովկասը, Մերձվոլգյան տարածաշրջանը, Թաթարստանը, ապահովագրում է հվ. Կովկասի երկրները:Դիտարկելով տարածաշրջանը, տեսականորեն կարող եմ ասել, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների ֆոնին, անհամեմատ բարելավվելու են վրաց – ռուսական հարաբերությունները, չնայած Աբխազիայի և Օսիայի խնդիրների առկայությանը, որովհետև Վրաստանը այլընտրանք չունի, այլապես թիրախ կդառնա իսլամական արմատականության համար: Եթե այս սցենարը գործի, ապա այն կապահովագրի նաև արևելյան Եվրոպան, ստեղծելով մի ընդարձակ անվտանգության գոտի, փաստացի Ատլանտյան օվկիանոսից մինչև Չինաստան: Հակառակ դեպքում, իսլամական արմատականությունը կարող է սպառնալիք դառնալ ոչ միայն Ռուսաստանի այլև Չինաստանի համար: Եվ այստեղ առանց ֆոբիաների պետք է նշել, որ այս ամենը հետևանք է ամերիկյան քաղաքականության ցինիզմի:

Ռուսական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից, փաստորեն Ռուսաստանի նախագահի համաեվրոպական իմիջի կանխման փորձ է նաև: Ենթատեքստը ըստ իս, դա է, որովհետև վերջին շրջանում դատելով արևմտյան լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից, Եվրոպական հանրային կարծիքը փոխվում է հօգուտ Ռուսաստանի, հոգուտ Պուտինի: Ինչի վկայությունն էր նաև Ֆրանսիայի նախագահի ճեպայցը Ռուսաստան: Ստեղծված իրավիճակում Էրդողանը ստիպված կլինի հաշտության, լիցքաթափման եզրեր փնտրել և պատահական չէ, որ առաջինը հենց նա էր հանդես եկել երկկողմ՝ դեմ առ դեմ հանդիպման նախաձեռնությամբ:

-Թուրքիան ամեն ինչ կանի Ադրբեջանի օկուպացված տարածքները վերադարձնելու համար, հերթական հռետորաբանությու՞ն է, թե՞ կոնկրետ ուղղվածություն ունի Դավութողլուի
հայտարարությունը:

– Եթե խորապես վերլուծենք, ապա դա ավելի շուտ ուղղված է Ադրբեջանին: Դա Ադրբեջանին զգուշացնող հայտարարություն է, որովհետև վերջին շրջանում ռուս – ադրբեջանական հարաբերությունները հասել են շատ բարձր մակարդակի և Սիրիայում Ռուսաստանը չէր կարող ամբողջ ծավալով գործել, եթե չունենար Ադրբեջանի համաձայնությունը, որովհետև Ադրբեջանը Ռուսաստանին դեպի Սիրիա օդային տարածք է տրամադրել: Տեղեկություններ կան, որ Կասպից Ծովից Սիրիայի տարածքում նախանշված թիրախները խոցելու համար, ռուսական ռազմանավերը մտել են Կասպից ծովի ադրբեջանական սեկտոր: Ստեղծվում է մի պարադոքսալ վիճակ. ռուսաստանյան ինքնաթիռները Ադրբեջանի օդային տարածքով մտնում են Սիրիա, ռմբակոծում թուրքմենների դիրքերը, Ադրբեջանի ամենամեծ դաշնակից Թուրքիան խփում է ռուսական ինքնաթիռը: Ներկա դրությամբ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակության կարիքը չունի, այլ ստեղծված իրավիճակում ճիշտ հակառակը: Ինչը Բաքվում նույնպես հասկացել են և այլևս որևէ մեկը խաղադրույք չի դնում Թուրքիայի վրա, որովհետև 20 տարի Թուրքիան հայտարարություններ է արել, բայց որևէ քայլի չի գնացել, ինչը բերել է վստահության կորստի: Հիմա Ադրբեջանը հասկանալով դա, մերժել է Թուրքիային, միաժամանակ պատրաստակամություն ցուցաբերել միջնորդ հանդիսանալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև, սակայն Էրդողանն էլ իր հերթին, ամբիցիաներ ցուցաբերելով, հրաժարվել է միջնորդավորված հանդիպումից և դիվանագիտական կոպիտ լեզվով հասկացրել, որ ինքը կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ առանց միջնորդների: Դա պետք է դիտարկել որպես հերթական, հերթապահ հայտարարություն:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.