Գլխավոր / Մտքի քարտեզ / Ռուսաստանը չունի «Ղարաբաղը տալու» իրական մեխանիզմ…

Ռուսաստանը չունի «Ղարաբաղը տալու» իրական մեխանիզմ…

13570155_10209739519025200_1343293846_o    Մի քիչ ուշադիր լինելով Ադրբեջանի վարած քաղաքականությանը, այնպիսի եզրահանգման ենք գալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է մաքսիմալ ձեռքբերումների: Մի կողմից հետքրքրություն է ցուցաբերում ԵԱՏՄի վերաբերյալ, մյուս կողմից ակտիվ քաղաքականություն վարում Վրաստանի ու Թուրքիայի հետ: ,,Արցախթայմսը,, վերոնշյալի շուրջ զրուցեց երիտասարդ միջազգայնագետ Էդգար Էլբակյանի հետ:

 Ադրբեջանը դեռ երկա՞ր կխուսանավի ԹուրքիաՎրաստանԱդրբեջան ռազմաքաղաքական կառույցի և ԵԱՏՄի միջև։

Հարցը կարոտ է հանգամանալից և համակողմանի ուսումնասիրության։ Շատերն այսօրվա հարավկովկասյան իրականությունը համեմատում են 1918-1920 թվականների հետ, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո անդրկովկասյան պետություններն անկախացան, և շատ արագ ուրվագծվեց Ադրբեջան-Վրաստան-Օսմանյան կայսրություն համագործակցությունը, որն, ըստ էության, ուղղված էր Հայաստանի շահերի դեմ։ 1920-1921 թթ․-ին, սակայն, դեպի տարածաշրջան ռուսական «վերադարձի» պայմաններում անդրկովկասյան պետությունները բոլշևիկացան, և այդ պրոցեսում հաճախ մեկի շահը ստորադասվեց մյուսին՝ հանուն Կենտրոնի մեծ նպատակների։ Այս նույն տրամաբանությամբ այսօր շատ են զուգահեռներ անցկացվում, որ 1921 թ․ հուլիսի օրինակով Մոսկվան կարող է «Ղարաբաղը տալ Ադրբեջանին»՝ դրա դիմաց վերջինիս «մտցնելով ԵԱՏՄ»։ Բնավ չհերքելով, որ մոսկովյան վերնախավի առանձին ներկայացուցիչների շրջանում կարող են այս տեսակ մտայնություններ լինել, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ղարաբաղը տալու» իրական մեխանիզմ Ռուսաստանը չունի, և բացի այդ՝ ի տարբերություն 1921 թ․-ի՝ ներկայումս թուլացող Ադրբեջանը չունի այնպիսի արժեք ու գին՝ հանուն որի Ռուսաստանը գնար Հայաստանին թուլացնելու նման ծայրահեղ քայլի։ Մյուս կողմից ակնբախ է, որ սկսած 2013 թ․ նախագահական ընտրություններից՝ Ադրբեջանն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Ռուսաստան, ինչը բացատրելի է ինչպես ինստիտուցիոնալ համերաշխության դիրքերից (երկու երկրի դեպքում էլ՝ մեծ չափերի կոռուպցիա, ածխածնաջրածնային պաշարների էժանացում, ռազմական հռետորաբանության և «պոպուլյար հայրենասիրության» ծավալում), այնպես էլ Արևմուտքի կողմից Ադրբեջանի հանդեպ հետաքրքրության որոշակի կորստի, որն ինքնին կարող է հետևանք լինել Եվրոպային հուզող ավելի էական ու մեծամասշտաբ խնդիրների առկայության։ Մյուս կողմից, սակայն, չնայած Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական գործակցության մեծացմանը՝ Ադրբեջանը շարունակում է Վրաստանի և Թուրքիայի հետ եռակողմ ակտիվ և բազմաոլորտ (այդ թվում՝ ռազմական) գործակցությունը՝ այդ համաշարում որոշակի հույսեր կապելով նաև չինական հաղորդակցային-աշխարհաքաղաքական ձեռնարկումների հետ։ Այսպիսով, պետք է արձանագրենք, որ տակավին Ադրբեջանը կարողանում է խուսանավել տարածաշրջանային և ավելի մեծ առումով՝ համաշխարհային ուժային կենտրոնների միջև՝ չհայտնվելով դիվանագիտական փակուղում։ Պետք է հիշենք, որ տարածաշրջան է վերադառնում նաև Իրանը՝ որպես նոր ուժային կենտրոն, ինչը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար ստեղծում է «ազատ դաշտի» հավելյալ մեխանիզմ։ Մյուս կողմից էլ, իհարկե, անհերքելի փաստ է, որ Ռուսաստանը՝ ԵԱՏՄ առաջամարտիկը, խիստ վճռորոշ դեր ու նշանակություն ունի ղարաբաղյան հարցում, և համաշխարհային ու տարածաշրջանային փխրուն հավասարակշռության խախտման դեպքում դա կարող է ամենայն լրջությամբ երևան գալ՝ էապես ազդելով թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակա կողմնորոշումների վրա։

                                                                                                                                                                                   

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.