Գլխավոր / Մտքի քարտեզ / Ռուսաստան – Թուրքիա դաշինքի ստեղծումը անհնար է

Ռուսաստան – Թուրքիա դաշինքի ստեղծումը անհնար է

h Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը տարատեսակ վերլուծությունների տեղիք է տվել: Անգամ սպասելի էր երկու երկրների հարաբերությունների վատթարացում ինչպես նախորդիվ, բայց այդպես չեղավ: Ի՞նչ է կատարվել Թուրքիայում, հարցի շուրջ ,,Արցախթայմսը,, զրուցել է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հետ:

Ի ՞նչ  կատարվեց ի վերջո Թուրքիայում, ահաբեկչություն, սադրանք, ինչպես որ ներկայացվում է, թե ՞ ինչ որ մեսիջ էր ուղղված երկու երկրներին:

Նախ հասկանանք, թե ի՞նչ է ահաբեկչությունը: Ահաբեկչությունը դա ռազմական գործողությունների իրականացման յուրահատուկ ձև ու մեթոդ է, և ասել, թե մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, մեղմ ասած միամտություն է: Այստեղ հարցն այն չէ, թե ո՞վ է ահաբեկչություն իրականացնողը, այլ այն, թե ինչի՞ համար է այն իրականացվում: Ինձ համար ակնհայտ է, որ գործողությանը մասնակից են եղել նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները: Թուրքիան այսօր կանգնած է քաղաքացիական պատերազմի եզրագծին, դա միանշանակ է, այնտեղ այսօր տարբեր ճամբարներ են գործում: Ո՞վ է կանգնած գործողության հետևում, դժվար է ասել, բայց որ թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ է, դա ակնհայտ է: Պատճառները կարող են տարբեր լինել, քաոսային իրավիճակ ստեղծել, Էրդողանին հեռացնել իշխանությունից, նոր իշխանություն ձևավորել:  Իսկ  Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, կանգնել է Թուրքիայի կողքին և փորձում է նրան դուրս բերել այդ ճգնաժամային վիճակից: Նրանք Թուրքիային ներել են ինքնաթիռի կործանման համար, օգնել են ճնշել ռազմական հեղաշրջումը, ներում են նաև այսօր, երբ իրավիճակը  համեմատելի չէ նախկինի հետ: Պետք է կարողանալ ճիշտ գնահատել գործողության հարթակը, դա աշխարհաքաղաքական հարթակ է: Իրականության մեջ այս հարթակում Ռուսաստան և Թուրքիա դաշինքի ստեղծումը անհնար է, քանի որ գործնականում բոլոր խաղացողները դեմ են դրան, ու  թույլ չեն տա այդ դաշինքի ստեղծումը:  Հակառակ դեպքում այն կբերի այդ երկու պետություններից մեկի փլուզմանը: Իսկ թե եռակողմ դաշինքով /Իրան- Թուրքիա- Ռուսաստան/  կկարողանան հաղթահարել խոչընդոտները, դժվար է ասել, մյուս կողմից էլ հայտնի է, որ Իրանը և Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը  շատ լուրջ խնդիրներ ու տարաձայնություններ ունեն ու կարծես թե այդ եռակողմ դաշինքը նույնպես անհնար է դառնում:

Ռուսաստանը կփորձի ամեն ինչ հարթել, նրանք արդեն իսկ հայտարարել են, որ դա հարված էր ռուս – թուրքական դաշինքին, որը հաջողության չի հասնելու: Դա նշանակում է, որ շարունակելու են Թուրքիայի հետ իրենց ջերմ հարաբերությունները: Ռուսներն արդեն ներելու փորձ ունեն, կներեն նաև այս դեպքը, այդպիսինն է տարվող ռուսական քաղաքականությունը: Այս օրերին Թուրքիան ազգայնացրել է  գազային խոշոր ընկերություններից մեկը, Akfel Holding-ը, որում չափաբաժիններ ունեն նաև «Գազպրոմ»-ը և «Գազպրոմբանկ»-ը, որտեղ փաստորեն ռուսական ֆինանսներ են շրջանառվում: Թուրքիան ուղղակի ռուսներից խլել է այն: Թուրքիան իրեն շատ գռեհիկ է պահում, ինչը ներվում է Ռուսաստանի կողմից: Ուշադրություն դարձրեք սպանություն կատարողի արտաքին կերպարին, դա միրուքավոր, դեմքը քողարկած ինչ – որ մեկը չէր, որոնց մենք սովորաբար տեսնում ենք, սա ուրիշ  տեսակ էր, սա աշխարհիկ Թուրքիան էր: Ու դա լավ կազմակերպված գործողություն էր, և չնայած ռուսներն ու թուրքերը հերքում են, որ նա հատուկ ծառայությունների աշխատակից էր, բայց փաստերն այլ բան են հուշում:

Մյուս կողմից միանշանակ չեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Տեսեք ինչ է կատարվում այսօր Սիրիայում: Թուրքերն ու ռուսները կռվում են իրար դեմ, ռուսները աջակցում են Բաշար Ասադին, իսկ թուրքերը, այսպես ասած, ընդիմությանը:  Ասել է թե, Սիրայում կռվում են միմյանց դեմ, Թուրքիայում սպանում են դեսպանին, խլում են ֆինանսները ու այդքանից հետո Ռուսաստանը հայտարարում է, որ շարունակելու է դաշնակցային հարաբերությունները: Այսինքն, Ռուսաստանն այսօր ոչ ադեկվատ քաղաքականություն է վարում, ինչը մեզ շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս, քանի որ մեր գլխավոր դաշնակիցը անկանխատեսելի է:

Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում Մոսկվայում կայացած հանդիպումը:

Առանձնահատուկ ոչ մի բան, որովհետև իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե Մոսկվայում, այլ Սիրիայում ու Թուրքիայում: Վերջինս, ինչպես նշեցի, գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին, կկարողանա Թուրքիան հաղթահարել ճգնաժամը, թե՞ ոչ, կկարողանա՞ Հալեպում իր առջև դրած խնդիրը լուծել, սրանք հարցեր են, որոնք խոչընդոտում են Ռուսաստանի կողմից թելադրվող խաղի կանոններին:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.