Գլխավոր / Մտքի քարտեզ / Ստատուս քվոն կշարունակվի

Ստատուս քվոն կշարունակվի

14686108_780420698727359_337754484_n  ԼՂՀ ճանաչում, թե՞ ստատուս քվոի պահպանում, կարծես թե Ադրբեջանը կանգնել է ընտրության առջև,  ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջը` այս և այլ հարցերի շուրջ ,,Արցախթայմսի,, հետ իր կարծիքն ու տպավորություններն է կիսել Լեռնային Ղարաբաղի ,,Հելսինկյան նախաձեռնություն-92,, կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը

Այսպիսի մի ընդհանրական ու հռետորական հարց Ձեզ. Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի շուրջը:

Մենք պետություն ենք կառուցում ու պայքարում ենք մեր անվտանգության համար: Ինչ վերաբերվում է միջազգային հանրությանը, ապա նրա համար շատ կարևոր է, որ կողմերն իրենք հասնեն խնդրի լուծմանը: Ու այնպիսի միջնորդների համար,   ինչպիսիք Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Ռուսաստանն ու Եվրամիությունը կարևոր չէ, թե ինչ համաձայնագիր կլինի, միայն թե համաձայնությունը արդյունավետ լինի, փոխզիջումների ու փոխհամաձայնության համատեքստում: Բայց օրինակ, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա միջնորդ երկրների համար կլինի ամենաօպտիմալ տարբերակը: Իհարկե, Ադրբեջանը չի գնա դրան, ներկա ղեկավարությունը դրանով կհեղինակազրկվի իր իսկ հանրության առաջ, քանի որ շուրջ 20 տարի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր որպես ի վերուստ ադրբեջանական տարածքներ և, որ պատրաստ է ամեն գնով վերադարձնել պապենական հողերը: Մյուս կողմից, միջնորդ կողմերը քաջ գիտակցում են, որ ոչ Հայաստանը, ոչ Լեռնային Ղարաբաղը, և ոչ էլ Ադրբեջանը  ներկա դրությամբ պատրաստ չեն գնալու լուրջ զիջումների: Ադրբեջանի կողմից ապրիլյան արկածախնդրությունը և մեր դիմակայումը, ինչու չէ նաև Ադրբեջանի կողմից նոր  տարածքային կորուստների վտանգը, միջազգային հանրությանը թերևս ապացուցեց, որ ուժային ճանապարհով հարցը չի կարող լուծվել: Դրա համար միջնորդները հակված են ընդունել, որ ներկա դրությամբ  պետք է որոշակի դադար տալ՝ լուծման ուղիներ որոնելու համար: Մի բան ակնհայտ է. բոլորի համար հասկանալի է դարձել,  որ հնարավոր չէ վերադարձնել ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները և  Ադրբեջանը չի կարող ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Ստատուս քվոյի պահպանում, թե՞ անկախության ճանաչում:

Ապրիլից հետո պարզ դարձավ, որ ռազմական ճանապարհը լուծում չէ, դիվանագիտական ճանապարհով հակամարտ կողմերը ի վիճակի չեն գնալու համաձայնության, հետևաբար, ստատուս քվոն կշարունակվի: Հիմա ամենագլխավորը, որ գործընթացները, որոնք պետք է ընթանան ԼՂ ներհանրապետական հարթակում, դրական ազդեցություն ունենան. ասենք,   ժողովրդավարության ամրապնդման, սոցիալական գործընթացների, սոցիալ- քաղաքական հարցերի լուծման մեջ, որպեսզի ԼՂՀ բնակչությունը զգա ստատուս քվոի տարբերությունն ու արդյունավետությունը:  Մինչ օրս ստատուս քվոն ծանրակշիռ դեր չի խաղացել և այն ոչ թե պետք է սառեցնի սոցիալ – տնտեսական զարգացումը, այլ հակառակը՝  պետք է խթան հանդիսանա դրա համար:

Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի նախագահն անուղղակի կողմ է արտահայտվել ստատուս քվոյին, հրաժարվելով անկախության ճանաչումից:

Ադրբեջանի նախագահն ասել է, քանի դեռ ես եմ գլխավորում իշխանությունը,  նման բան չի լինի, ասել է թե, ինքը հնարավոր  է համարում  դա իրենից հետո, ապագայում: Ամեն ինչ կախված է նրանից, թե Լեռնային Ղարաբաղը որքանով կզարգանա, ինքնուրույն կկարողանա ապահովել ու հոգալ զինված ուժերի խնդիրները, որքանով կզորանա երկրի տնտեսությունը, կապահովվի բնակչության կենսամակարդակի աճը: Սրանք այն բաղկացուցիչներն են, որոնք պետության համար  բնորոշիչներ են հանդիսանում: Պետությունը, թեկուզ և չճանաչված, եթե կարողանում է ապահովել այդ բաղադրիչները, եթե ինքնաբավ է և գործում են պետական ինստիտուտները, ապա այդ ամենը դրական տեսանկյունից են բնորոշում երկիրը, տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բայց շատ կարևոր է, որ  մեր երկրի սոցիալ – տնտեսական զարգացումը առաջադեմ բնույթ կրի, ինչը կապահովի նաև ներդրումների հոսք, բնականաբար, խթանելով տնտեսական զարգացումը, որն էլ իր հերթին զգալի կլինի ժողովրդի համար, հետևաբար նրանք կմնան ու կապրեն այստեղ:

Ադրբեջանի կողմից նոր էսկալացիաներ հնարավոր ե՞ն:

Ես ընգրկված լինելով տարբեր նախագծերում, որոնք կապ ունեն ուժային գերատեսչությունների հետ, լավագույնս տեղեկացված եմ, որ այսօր շատ դժվար է հանկարծակիի բերել ԼՂՀ զինված ուժերին: Բայց չեն բացառվում որոշակի ռազմական սանդրանքներ ու մենք պետք է սովորենք ապրել ու արարել լարվածության պայմաններում:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.