Գլխավոր / Մտքի քարտեզ / Վերաբնակեցման նոր հայտ

Վերաբնակեցման նոր հայտ

1531  Թալիշ գյուղի վերաբնակեցման մեկնարկը տրված է և այդ գործընթացը հուզում է գրեթե յուրաքանչյուր հայի ու առաջին հարցը, որ հուզում է՝ կլինե՞ն ապրողներ:  ,,Թալիշ,, սահմանամերձ բնակավայրեր,, ՀԿ նախագահ Էդուարդ Փոլադովն առաջարկում է իր ծրագիրը ու պատրաստ է համախոհների հետ վերաբնակվել հայրենի գյուղում, ինչի մասին էլ հայտնել է ,,Արցախթայմսին,,:

Ի՞նչ եք պատրաստվում անել Թալիշի համար:

Շուրջ 300-400 հոգի  վետերաններ, պատրաստ ենք գնալ  բնակվել ու տնտեսություն ստեղծել Թալիշում: Թալիշ ասելով, մենք նկատի չունենք սոսկ այդ բնակավայրը, այդ վերաբնակեցումը կարող է լինել և Մատաղիսում, և Տոնաշենում կամ Հայաստանի Հանրապետության որևէ սահմանամերձ գյուղում: Ուղղակի ներկա դրությամբ վերաբնակեցման գործընթացը մենք սկսում ենք Թալիշից: Գործընթացը սկսում ենք միայն տղամարդկանցով, առանց ընտանիքների, ինչպես ասենք, կիբուցիները Իսրայելում: Նման օրինակով կբնակվենք ու կշենացնենք մեր տարածքները, թե կյանք ու շարժ կլինի, թե պարտվողական տրամադրություններ չեն լինի: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, թե Սփյուռքում, թե հայրենիքում, միանալ մեզ: Պետք է ամրապնդենք ապրիլի 2-5 ռազմական գործողություններում հայ զինվորի տարած հաղթանակը ու կարևոր չէ, թե ով է Ադրբեջանի կողքին, Թուրքիան,  Իսրայելը, Ռուսաստանը զենք է վաճառում, չի վաճառում: Կարևորը մենք տեր կանգնենք մեր երկրին ու հաղթանակին: Համոզված  եմ, ամեն ինչ նորմալ կլինի, կարևորը բոլորս լավատեսորեն ենք տրամադրված:  Շուտով մենք կլինենք Արցախում, կհանդիպենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ու կքննարկենք ծրագրի շուրջ մեր անելիքները ու պատկերացումները:  Վստահ եմ, թե Թալիշի, թե մյուս մեր տարածքների վերաբնակեցումը մեծ խնդիր չէ, ես դա ասում եմ որպես միգրացիոն գծով մասնագետ: Ես ինքս ծնունդով թալիշեցի եմ և մեծ ներդրում ունեմ Թալիշի նախորդ վերաբնակեցման գործում ու այսօր էլ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մենք անտեր չենք թողնի մեր տները, թե ով կմիանա մեզ, ցույց կտա ապագան, բայց ոնց ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում:  Չեմ ասում, թե գնացողներս թալիշցիների տներն ենք վերցնելու, դա բացառվում է, մենք մեզ համար կկառուցենք:

 Ունեք՞ մշակված ծրագիր և առհասարակ ի՞նչ կարծիքի եք վերաբնակեցման գործընթացի մասին:  

Ծրագիրը մշակված է, այն  ես ուղարկել եմ ԼՂՀ նախագահին, վարչապետին, այդ հարցով հանդիպել ենք Արկադի Կարապետյանի հետ ու մանրամասը քննարկել հարցը: Ներկա պահին մենք պատրաստվում ենք մեկնել  Արցախ: Զբաղվելու ենք բացառապես տնտեսությամբ և գնում ենք այնտեղ որպես խաղաղ բնակիչ, բայց հարկ եղած պարագայում, իհարկե, կլինենք նաև մեր զինվորների կողքին:

Ինչ վերաբերվում է վերաբնակեցման գործընթացին, այն ժամանակին նորմալ իրականացվում էր, հետո ՀՀՇ-ի  իշխանությունը  գործընթացը դադարեցրեց, դժվար չէ կռահել, թե ինչի համար: 1996 թվականից պրոցեսը կիսատ մնաց: Հիմա պահը եկել է բացթողումները լրացնելու: Այսօր մեր երկիրը դատարկվում է, ասենք, ինչու պիտի հայ մարդը 3-4 հազար կմ կտրելով գնա օտար երկրներում աշխատելու, եթե դա կարող է անել մեր երկրում:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.